Գողացված ապրանքը “մատնել է” գողին
Անգլիական Սոմերսեթ կոմսության դատարանում քննարկվել է նոութբուքի գողության մի դեպք, որի մեղավորին հաջողվել է պարզել գողացված ապրանքի վրա տեղադրված հսկման սարքի միջոցով:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքը, գողին գտել են այն բանից հետո, երբ նոութբուքը տիրոջ էլեկտրոնային փոստին է ուղարկել իր գտնվելու վայրի կոորդինատները, ինչպես նաեւ 19-ամյա հանցագործ Ռաստին Հալաջիի նկարը` քնած վիճակում:
Հանցագործի որոնումները հնարավոր են դարձել “Prey” ծրագրի շնորհիվ, որը նոութբուքի տերն ակտիվացրել է` հասկանալով, որ այն անհետացել է:
Երիտասարդն ստիպված է գողության համար հասարակական աշխատանքներ կատարել եւ պարետային ժամ պահպանել:
“Prey”-ի նման ծրագրերը թույլ են տալիս սարքավորումների տերերին հետեւել նրանց գտնման վայրին, իմանալ Wi-Fi կետերի կոորդինատները, որոնց միացել է իրենց համակարգիչը, ինչպես նաեւ ուղարկել շրջապատող տարածքի լուսանկարը: