Լույսի տարօրինակ առկայծումը անհանգստացրել է Արիզոնայի բնակիչներին /վիդեո/
Արդեն մի քանի օր է ԱՄՆ-ի բնակիչներին հանգիստ չի տալիս Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում մարտի 8-ին տեղի ունեցած դեպքը: Արեւածագից մի քանի ժամ առաջ լույսի տարօրինակ առկայծումը, որը պայթյունի է նման եղել, լուսավորել է քաղաքի ծայրի մութ հորիզոնը եւ անհետացել` իր ետեւից չթողնելով ոչ ծուխ, ոչ ավերածություններ:
Քաղաքի բնակիչներից շատ քչերն են ականատես եղել արտառոց երեւույթին, եւ այն աննկատ էլ կմնար, եթե պատահականորեն չհայտնվեր “FoxNews”-ի ուղիղ եթերում: Տեղի “KSAZ-TV” ինտերնետ-հեռուստաալիքը, որը “FoxNews”-ի մասնաճյուղն է Արիզոնայում, այդ առավոտ ռեպորտաժ է պատրաստելիս եղել ավտոճանապարհների ծանրաբեռնվածության մասին` եթեր տալով ճանապարհներին տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրերը: Այն պահին, երբ հաղորդավարուհին խոսելիս է եղել 17-րդ մայրուղում տիրող իրավիճակի մասին, հորիզոնում ուժեղ լույս է առկայծել` պայթյունի նման, սակայն չի եղել ոչ ծուխ, ոչ կրակ:
Մի քանի ժամ անց միջադեպն արդեն դարձել է ողջ նահանգի քննարկման առարկան: Այն ցուցադրվել է լուրերով եւ հեռուստադիտողները ականատես են դարձել արտառոց դեպքին: Լրագրողները պնդում են, որ ոչ ոստիկանությունում, ոչ էլ փրկարար ծառայություններում ոչ մի տեղեկություն չունեն որեւէ պայթյունի կամ հրդեհի մասին:
Սակայն, մարտի 12-ին քաղաքի կոմունալ ծառայությունները վերջապես հայտնել են, որ հասարակ պայթյուն է տեղի ունեցել էլեկտրական ենթակայանում: Լուրջ հետեւանքներ չեն եղել, հնարավոր է, որ այն կրկին աշխատի նույնիսկ առանց նորոգման:
http://youtu.be/DMSDpF4JgbE