Գյուղապետն արգելել է համագյուղացիներին մահանալ
Իտալիայի հարավում գտնվող Ֆալչանո Դել Մասսիկոյի գյուղապետն արգելել է տեղի բնակիչներին մահանալ: Հրամանը վերաբերում է նաեւ գյուղի հյուրերին:
Նման տարօրինակ որոշման պատճառն այն է, որ գյուղը չունի գերեզմանոց: Մինչ վերջին ժամանակներս գյուղացիներն օգտվել են հարեւան Կարինոլա փոքր քաղաքի հողերից: Գյուղը Կարինոլայից առանձնացվել է 1964-ին: Երկար ժամանակ նախատեսվել է մեծացնել քաղաքի գերեզմանոցը, որպեսզի ինչ-որ մաս հատկացվի Ֆալչանոյին, սակայն գյուղապետը տեսնելով, որ քաղաքը ոչինչ չի նախաձեռնում, որոշել է այլընտրանքային մոտեցում ցույց տալ այս հարցին:
Նրա խոսքով` Ֆալչանոյի նախկին ղեկավարությունը որոշել էր գերեզմանոցի նախագիծ ներկայացնել, սակայն պարզվել է, որ այն շատ թանկ կլինի նման փոքր գյուղի համար:
Չնայած, որ բնակիչներին դուր է եկել գյուղապետի հրամանը, 2 ծերունի “չեն ենթարկվել” հրամանին եւ մահացել են:
Գյուղապետը պատրաստվում է առաջիկայում ինժեներների հետ ավելի հարմար վայր ընտրել գերեզմանոցի համար եւ փաստաբանների հետ լուծել իրավաբանական հարցերը, որոնք այդպես էլ չեն լուծել Կարինոլի իշխանությունները: