Բանգլադեշում տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը գերազանցել է 140-ը /վիդեո/
Բանգլադեշի Մեգհնա գետի վրա լաստանավի վթարի արդյունքում զոհվածների թիվը հասել է 142-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Ավելի վաղ հայտնում էին 123 զոհերի մասին:
Փրկել հնարավոր է եղել 35 մարդու, որոնց իր տախտակամած է վերցրել հակառակ ուղղությամբ շարժվող մեկ այլ լաստանավ: Ինչպես նշել են տեղի ԶԼՄ-ները, եւս 40 մարդ ինքնուրույն է փրկվել:
“Շարիատպուր-1” լաստանավը թեքվել է եւ սուզվել երկրի հարավարեւելյան ափին` նավթամթերքներ տեղափոխող բեռնատար նավի հետ բախվելուց հետո: Նավն ուղեւորվելիս է եղել երկրի մայրաքաղաք Դաքքա:
Հաղորդվում է, որ նավի վրա շուրջ 200 ուղեւոր է եղել, սակայն նրանց ճշգրիտ թիվն ասել հնարավոր չէ, քանի որ շատերը տոմսերը ձեռք են բերել նավում հայտնվելուց հետո:
Այս ողբերգությունը վերջին 7 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած նավերի վթարներից ամենալուրջ դեպքն է: 2005-ին Բուրիգանգա գետում տեղի ունեցած լաստանավի վթարի արդյունքում մահացել էր 149 մարդ: