Ինչպե՞ս ստուգել զգացմունքները
Ամերիկացի մասնագետները պարզել են, որ ռոմանտիկ ընթրիքը, որի ժամանակ զույգը միեւնույն ափսեից է օգտվում, մոտեցնում է նրանց: Դա լավ նախադրյալ է նրանց հետագա հարաբերությունների համար:
Ըստ նոր հետազոտության` զուգընկերներին, որոնք ոչ միայն օգտվում են նույն ափսեից, այլեւ օգտագործում են նույն դանակը եւ պատառաքաղը, կարելի է անվանել շատ մոտ մարդիկ միմյանց համար: Այն մարդկանց մոտ, ովքեր “փոխանակում” են իրենց թուքը, յուրահատուկ հարաբերություններ են ստեղծվում, ինչպես նաեւ դա օգնում է զերծ մնալ մի շարք վիրուսներից:
Հետազոտության ընթացքում կամավորներին ցուցադրել են հոլովակներ, որոնցում հակառակ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթրիք է: Մի հոլովակում զույգերը կիսել են իրենց ուտելիքը, մյուսում` յուրաքանչյուր մասնակիցը կերել է իր ափսեից: Կամավորները պետք է գնահատեին զույգի սիրահարվածության աստիճանը, ինչպես նաեւ նրանց հարաբերությունների տեւողությունը: Կամավորներին ավելի սիրահարված են թվացել այն զույգերը, ովքեր մեկ ափսեից են կերել, ընդ որում` զուգընկերը, ով իր ափսեից կերակրել է ընկերուհուն ավելի սիրահարված է թվացել, քան կինը, ով կերակրել է իր ընկերոջը:
Միգուցե դա կապված է նրա հետ, որ միշտ տղամարդն է համարվել սնունդ հայթայթողը: