ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կհետաձգեն, որպեսզի Պուտինին “նեղություն չպատճառեն”
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ-երկրների գագաթաժողովը, որը տեղի կունենա մայիսի վերջին Չիկագոյում, կկայանա առանց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի, որը չի կարող մասնակցել գագաթաժողովին` Ռուսաստանում ներքաղաքական խնդիրների պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի պետքարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` առանց մեկնաբանելու վերջերս տարածված լուրերն այն մասին, որ հանդիպումը հնարավոր է` չկայանա ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ կապված չլուծված հարցերի պատճառով, տեղեկացնում է “NEWSru.com”-ը: Սակայն ընդհանուր առմամբ իմաստը նույնն է մնում` գագաթաժողովը կհետաձգեն, որպեսզի Պուտինին հարմար լինի:
Ակնհայտ է դառնում, որ դաշինքում եւ մասնավորապես` ԱՄՆ-ում, որոշել են ուշադրություն չդարձնել այն փաստի վրա, որ Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ անհամաձայնություն կա, որոնցից մեկն էլ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրումն է Եվրոպայում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էին լուրեր, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է փոխել Մեծ ութնյակի հանդիպման վայրը, որը պետք է կայանար նույն Չիկագոյում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մի քանի օր առաջ: Օբաման մեծ գումարներ է զոհաբերել, որոնք արդեն ներդրել էր 2 գագաթաժողովների կազմակերպման համար, որպեսզի վատ դրության մեջ չգցի իր ապագա գործընկերոջը, քանի որ Պուտինը հայտարարել էր, որ չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ կապված խնդիրների պատճառով: Եվ որպեսզի նորընտիր նախագահն ստիպված չլինի մեծ ութնյակի հանդիպումից անմիջապես հետո հեռանալ քաղաքից, որոշվել էր հանդիպման օրը փոխել: