Թոշակառու գերմանացին խնձորենին “գունավորել է”
Գերմանացի թոշակառուն իր այգում աճող խնձորենին զարդարել է Զատկի տասնյակ հազարավոր հավկիթներով: 76-ամյա Ֆոլքեր Քրաֆթն սկսել է 1965-ից հավաքել հավկիթները, սակայն հիմա որոշել է այլեւս չավելացնել դրանք:
Քրաֆթի խոսքով` Զատկի հավկիթների իր հավաքածուն սկզբում բաղկացած է եղել ընդամենը 18 դեկորատիվ հավկիթներից: Այնուհետեւ ամեն Զատկի տոնին նա ավելացրել է դրանք: Նոր հավկիթների պատրաստման համար` ծառը զարդարելու նպատակով, մասնակցել է գերմանացու ողջ ընտանիքը:
2011-ին Քրաֆթի հավաքածուի հավկիթների քանակը հասել էր 9800-ի, սակայն նա հայտարարել էր, որ դեռ չի պատրաստվում կանգ առնել: Բայց այժմ նա այլ կարծիքի է. “Ես այլեւս տեղ չունեմ հավկիթները պահելու համար: Եթե այսպես շարունակվի, ես ստիպված կլինեմ քնել նրանց հետ,”-կատակել է ծեր գերմանացին: