Մոսկվայում սպանված գործարարը Դեդ Հասանի “քարտուղարության պետն” է եղել

Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվայում վարձու մարդասպանի կողմից սպանված Իլհար Օղլի Ջաբրայիլովի կենսագրությունից: Քրեական աշխարհում նա ավելի շատ հայտնի է Դանաբաշ անունով եւ Դեդ Հասանի հանցախմբի կարեւոր դեմքերից է: Ջաբրայիլովին նույնիսկ համարում էին այդ ազդեցիկ մաֆիոզի “քարտուղարության պետը”:
Վերջին տարիներին Դանաբաշը Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի ամենամտերիմ մարդկանցից մեկն է եղել, ով պատասխանատու էր հանցավոր աշխարհի, չինովնիկների եւ իրավապահ մարմինների հետ նրա կապերի համար, գրում է “Новая газета”-ն: Իբրեւ այդ կապերի ապացույց` թերթը հրապարակել է լուսանկարներ` մեկ այլ խոշոր ռուս մաֆիոզի` Վյաչեսլավ Իվանկովի, ով հայտնի է Յապոնչիկ անունով, թաղման արարողությունից, որոնցում Ջաբրայիլովն է եւ նրա թիկնապահները:
Վարձու մարդասպանը մի քանի անգամ կրակել է 52-ամյա Ջաբրայիլովի վրա, նա տեղում մահացել է, իսկ հանցագործը թաքնվել է Բելառուսական կայարանի մոտ: Կրակոցներից վիրավորվել է նաեւ Եֆտեեւա ազգանունով 1986-ին ծնված երիտասարդ աղջիկը, ով եւս գտնվել է մեքենայում: Աղջիկը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում: