Բռնաբարված կանանց մասին. չսպառվող ցավի դաջվածքը
‘Տատիկիս դաջվածքները’ մեկժամանոց ֆիլմի շվեդաբնակ, արմատներով հայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ստեղծման, արձագանքների մասին: Ֆիլմն առնչվում է Հայոց ցեղասպանության խնդրին, որը, ըստ ռեժիսորի, պետք է ներկայացնել այնպես, որ ոչ միայն մեզ հետաքրքիր լինի, այլեւ օտար հանդիսատեսին:
Ցեղասպանությունից տուժած, ցեղասպանության ժամանակ բռնաբարված կանանց ճակատագրի մասին քիչ է խոսվում, անգամ գրականության մեջ հատուկենտ ստեղծագործություններ կան դրա մասին: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ինչ-որ չափով կենսագրական է, քանի որ ներկայացվում է Խարտալյանի մեծ մոր պատմությունը:
Ինչ վերաբերում է ֆիլմի ստեղծման գաղափարին, արվեստագետի խոսքով` մի անգամ ներկա լինելով Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված համաժողովին, երբ ցեղասպանության ժամանակ բռնաբարված կանայք պատմել են իրենց հետ տեղի ունեցածի եւ իրենց զգացումների մասին, ռեժիսորը ցնցվել է:
‘Պատկերացրեք իմ շփոթս, երբ որ այդ պատմությունները լսեցի, հղի կնոջ փորը բանալ, երեխայի հետ գնդակ խաղալ, որից հետո ուսումնասիրություն կատարեցի’,- մանրամասնեց ռեժիսորը` հավելելով, որ երբ ինքը սկսել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունն այդ տեսանկյունով, հայտնաբերել է մի քանի լուսանկար, որտեղ պատկերված են եղել դաջվածքով կանայք, ինչը բացահայտում էր, որ նրանք բռնաբարվել են:
‘Այդ դաջվածքները ծանոթ էին ինձ, ես ինչ-որ մի տեղ տեսել էի դրանք: Ինքնաբերաբար տատիկս միտքս եկավ, ում մասին 20 տարի մոռացել էի’,- ասաց բանախոսը:
Խոսելով իր տատիկի մասին` ռեժիսորն անկեղծացավ` պատմելով, որ նա վատ հարաբերություններ է ունեցել իր ընտանիքի անդամների հետ, արհամարհել է նրանց, չի սիրել իգական սեռի երեխա, հատկապես գեղեցիկ արտաքինով: Տարիներ անց, երբ Սյուզան Խարտալյանը նկարահանել է ֆիլմը եւ իր մորից մեծ դժվարությամբ լսել տատիկի պատմությունը, հասկացել է իր մեծ մոր վերաբերմունքի եւ պահվածքի պատճառը, քանի որ պարզել է, որ իր մեծ մայրը բռնաբարվել է մի քրդի կողմից, որից հետո քուրդը նրան դաջել է, երկար ժամանակ պահել իր մոտ, հետո բաց թողել:
‘Այն պահին, երբ իմացա, որ մեծ մայրս բռնաբարված է, չեք պատկերացնում` ինչ դժվար ապրումներ ունեցա: Կարծես բռնաբարության այդ արարքը իմ վրաս տեղի ունեցած լիներ’,- հուզմունքով անկեղծացավ արվեստագետը`հավելելով, որ թեեւ իր տատիկը կենդանի չէ, սակայն ինքը զղջում է, որ նրան վատ են վերաբերվել:
Դերասանական կազմի մասին ռեժիսորն ասաց, որ ֆիլմում դերասաններ չեն խաղում, քանի որ ֆիլմը վավերագրական բնույթի է: ‘Ֆիլմում իսկական մարդիկ են, իսկական զգացումներով, իսկական հուզումներով, իսկ մեծ մայրիկի կերպարը տատիկի քույրն է’,- եզրափակեց ռեժիսորը:
Ֆիլմի ավարտը, սակայն, լավատեսական է, հերոսները վերադառնում են հայրենիք, քանի որ հայ մարդու միակ ապավենը Հայաստանն է:
‘Տատիկիս դաջվածքները’-ը ֆիլմը ցուցադրվել է Ստամբուլի Ֆրանսիական մշակույթի տանը, ինչպես նաեւ ցուցադրվել է աշխարհի մի շարք հեռուստաալքիներով, այդ թվում արաբական ‘Ալ Ջազիրա’ հեռուստաալիքով: Շվեդիայի պետական հեռուստաընկերությունը ֆիլմը ցուցադրել է 3 անգամ։
Հարցին` ինչպե՞ս է ֆիլմն ընդունվել Թուրքիայում, ռեժիսորի խոսքով` խոչընդոտներ եղել են ավելի շատ ոչ թե թուրքերի, այլ Ադրբեջանի կողմից: