22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փող լվալու լավագույն միջոց, կամ …

Այս օրերին ականատեսն ենք լինում ՀՀ դեմ Ադրբեջանի ծավալած ագրեսիային: Հենց այս բնորոշումն է համարժեք կերպով արտահայտում ռազմաճակատում առկա իրողությունները:

Ինքնին փաստը, որ ադրբեջանական բանակը կրակ է բացվել ՀՀ տարածքի ուղղությամբ արդեն իսկ բավարար է տեղի ունեցածն իբրև ագրեսիա բնորոշելու համար: Իսկ եթե հաշվի ենք առնում այն, որ թշնամու թիրախը եղել են մեր երկրի խաղաղ բնակիչները, Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիները, ապա ՙագրեսիա՚ բնորոշումն այս դեպքում միանգամայն տեղին է:

Հատկանշական մի հանգամանք. մեր բնակավայրի, խաղաղ բնակչության վրա ադրբեջանական բանակը կրակ է բացում Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի օրերին, ինչը լրացուցիչ ցինիզմ է հաղորդում ադրբեջանական ագրեսիային:

Ինչպես հայտնի է միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է հակամարտ կողմերին խաղաղ բնակչությանը, բնակավայրերը, առավել ևս մանկապարտեզը, առհասարակ անզեն, անպաշտպան մարդկանց դիտարկել իբրև ռազմական օբյեկտ և դառձնել նպատակային կրակի թիրախ:

Հետևաբար ադրբեջանական կողմն անում է այն, ինչն արգելում է միջազգային մարդասիրական իրավունքը: Այս համատեքստում հարկ է ընդգծել հետևյալը:

ա.Խաղաղ, անզեն բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան չունի որևէ ռազմական նպատակահարմարություն:

բ. Խաղաղ բնակավայրերի, մանկապարտեզի, սանիտարական ավտոմեքենայի վրա բացված կրակը ոչ թե պատահականություն է կամ որևէ առանձին ադրբեջանցի զինծառայողի քմահաճույք, այլ Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կամքը:

Նման հետևությունների համար հիմք է հանդիսանում դեպքերի հետևյալ հաջորդականությունը. նպատակաուղղված կրակ սանիտարական մեքենայի, մանկապարտեզի, ապա, ուշադրություն դարձրեք, քաղաքացիական պետհամարանիշներով ավտոմեքենայի, այսինքն կրկին քաղաքացիական օբյեկտի վրա, որում պարզապես պատահաբար եղել են պայմանագրային զինծառայողներ: Այս ամենը չի կարող լինել պատահական զուգադիպությունների հետևանք:

Այստեղ հարց է ծագում. ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմը: Կարելի է առաջ քաշել հետևյալ վարկածները:

ա. Ամենայն հավանականությամբ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձից և այդ կապակցությամբ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված զորահանդեսից առաջ ադրբեջանական կողմը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե իբր ինքն է դրության տերը ռազմաճակատում, թե իբր ամեն վայրկյան պատրաստ են վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները: Սակայն այստեղ է, որ ծագում է մեկ այլ հարց:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտե, պարզապես չի կարող չիմանալ, որ բոլոր նման դեպքերում իրենք կրում են զգալի կորուստներ: Ընդ որում պաշտոնական Բաքուն երբեք չի ներկայացնում սեփական հանրությանն այդ կորուստների իրական չափը: Այսինքն՝ իրադրության ապակայունացման գինը, առանց չափազանցության տասնյակ ադրբեջանցի զինվորների կյանքն է: Սակայն, բանից պարզվում է, որ այդ կորուստները, այդ լարվածությունն անհրաժեշտ է պաշտոնական Բաքվին: Ինչու՞:

Անհրաժեշտ է, քանզի թշնամու կերպարը վառ պահելով է, որ հնարավոր է հիմնավորել ուռճացված ռազմական բյուջե ունենալու անհրաժեշտությունը, որն Ադրբեջանի նավթային եկամուտները գրպանելու, պարզապես ՙփող լվալու՚, շատ հարմար միջոց է: Անհրաժեշտ է, քանզի թշնամու կերպարը հարմար միջոց է կոնսոլիդացնելու ադրբեջանական հանրության հնարավորինս մեծ մասին ալիևյան իշխանության շուրջ՝ ամրապնդելով այն:

Եվ ամենակարևորը. պաշտոնական Բաքուն ադրբեջանական հասարակությանը հոգեբանորեն պատրաստում է պատերազմի: Այս համատեքստում ռազմաճակատում իրադրության ապակայունացումն անհրաժեշտ է ադրբեջանցի թուրքերի շրջանում պատերազմի անավարտ լինելու զգացողությունն ու հայերի հանդեպ ատելությունը վառ պահելու համար: Այդուհանդերձ, իհեճուկս ձեռնարկվող քայլերի Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, ուստի նախագահ Ալիևին հարկավոր է ապակայունացում:

բ. Միանգամայն իրատեսական է նաև Եվրատեսիլից առաջ հայկական կողմին կտրուկ գործողությունների դիմելուն սադրելու վարկածը: Ալիևյան վերնախավը ցանկանում է օգտվել այն առիթից, որ համաշխարհային հանրության ուշադրությունն այդ օրերին բևեռված է լինելու Բաքվի վրա, և աշխարհին ի ցույց դնել ՙագրեսիվ հայի՚ կերպարը:

Սակայն տվյալ դեպքում հայկական ուժերի պատասխանը չի կարելի դիտարկել իբրև սադրանք. բնա՜վ: Հայոց զինուժը կատարել և կատարելու է երկրի խաղաղ բնակչությանը պաշտպանելու իր գործառույթը և այդ առումով սա ոչ թե սադրանք, այլ ստեղծված իրավիճակին՝ թշնամու ագրեսիային, համարժեք պատասխան է: Ըստ իս սադրանքին տրվելու մասին կարելի կլիներ խոսել այն ժամանակ, երբ հայկական կողմի պատասխան միջոցառումների թիրախը լինեին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի մանկապարտեզները, խաղաղ բնակիչները: Սա հենց այն է, ինչ շատ կցանկանաին Բաքվում: Հետևաբար սադրանքին չտրվել չի նշանակում անպատասխան թողնել թշնամու ագրեսիան: Այո, հայոց զինուժը սադրանքի չի տրվի. թիրախը կլինեն ադրբեջանական կրակակետերը:

Եվ վերջում պատասխանի մասին. հարկ է նշել, որ Տավուշի մարզի բոլոր սահմանամերձ գյուղերը եղել և գտնվում են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական ուշադրության կենտրոնում: Ռազմաճակատի այս տեղամասում տարիներ շարունակ կատարվել են ամրաշինական աշխատանքներ, մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կազմում ձևավորվել են պայմանագրային գումարտակներ՝ համալրված հիմնականում տեղի բնակչությունից: Արդյունքում՝ թշնամու նախահարձակ ագրեսիային ի պատասխան նրա կրակակետերը լռեցվել են: Այդպես կլինի նաև հիմա. ագրեսորը կպատժվի, խաղաղ բնակչության անվտանգությունը կապահովվի: Մեր երկրի նախագահի վերջին հայտարարությունն այդ առումով որևէ կասկածի տեղ չի թողնում:

Դավիթ Ջամալյան

ռազմական փորձագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ