Սերբիան շարժվում է դեպի ձախ` դեպի Եվրոպա

Ըստ նախանական տվյալների` Սերբիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթող չի եղել, քանի որ 12 թեկնածուներից ոչ մեկը ձայների մեծամասնություն չի ստացել հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:
Մայիսի 20-ին կայանալիք 2-րդ փուլ են անցել Սերբիայի գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Բորիս Տադիչը եւ Սերբիայի Առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչը, ով Տադիչին զիջել է ընդամենը մեկ տոկոսով: Կանխատեսումներ կան, որ 2-րդ փուլում հաղթանակը Տադիչինը կլինի:
Նիկոլիչը եւ Տադիչը նախագահական պաշտոնի համար պայքարում են արդեն 4-րդ անգամ, եւ մինչ հիմա միշտ առաջին փուլում հաղթում է Նիկոլիչը, 2-րդում` Տադիչը:
Նույն պատկերն է նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներում: Առաջատարներն են կրկին Դեմոկրատական եւ Առաջադիմական կուսակցությունները: Նրանց միջեւ կրկին մեկ տոկոսի տարբերություն է, սակայն այս դեպքում առաջինն Առաջադիմական կուսակցությունն է: Շատերի կարծիքով` ընտրություններում “բարոյական հաղթանակ” է գրանցել Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունը: Սլոբոդան Միլոչեւիչի նախկին կուսակցությունը, որը գահընկեց արվեց 2000-ին, սակայն վերադարձավ քաղաքական ասպարեզ, 3-րդ տեղում է: