“Առաջ”. Օբաման պաշտոնապես սկսել է իր նախընտրական քարոզարշավը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական քարոզարշավը, հաղորդում է “BBC”-ն:
Այս նախընտրական քարոզարշավը նա սկսել է Վիրջինիա եւ Օհայո նահանգներից, որոնց ընտրազանգվածը երկմտող է: Օբաման հայտարարել է, որ այս քարոզարշավը, ինչպես եւ նախորդը, կապված է հույսերի եւ փոփոխությունների հետ, չնայած այս անգամ քարոզարշավի պաշտոնական լոզունգն է “Առաջ”-ը: Օբաման խոստովանել է, որ շատ հույսեր կոտրվեցին մեծ ճգնաժամի պատճառով, ինչի պատճառով կես տարվա ընթացքում 3 մլն ամերիկացիներ անգործ մնացին` մինչ նրա` Սպիտակ տուն գալը:
Օբաման հիշեցրել է, որ վերջին 2 տարվա ընթացքում 4 մլն նոր աշխատատեղեր են բացվել: Սակայն նախորդ շաբաթ Սպիտակ տան հրապարակած զեկույցի համաձայն` մարդկանց աշխատանքի տեղավորելու տեմպերը դանդաղանում են: Սակայն Օբաման, միեւնույն է, մտածում է, որ զբաղվածության ցուցանիշները լավատեսություն են ներշնչում:
Իսկ ահա հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ այդ ցուցանիշները “հիասթափեցնող են” եւ հանդիսանում են Օբամայի տնտեսական ձախողումների հերթական ապացույցը: