‘Սարդարապատ’ շարժման ‘ճանապարհային քարտեզը’
Այսօր ‘Սարդարապատ’ շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հաղորդագրություն է տարածել` ‘Ճանապարհային քարտեզ` Հայաստանում իշխանափոխոխության եւ Նոր Հայաստանի հիմնադրման համար’ վերնագրով, որում մասնավորապես ասված է.
‘Խորհրդարանական վերջին ‘ընտրությունները’ եւս մեկ անգամ ապացուցեցին, որ վարչախումբը, կատարելագործելով ընտրություններ կոչվող գործընթացի կեղծման մեխանիզմները, ոչ մի հնարավորություն չի թողել հասարակությանը` դասական միջոցներով իրականացնել իշխանափոխություն եւ նոր համակարգի ձեւավորում:
Անհետաձգելի շրջադարձն այլընտրանքային միջոցներով իրականացնելու անհրաժեշտութհունը վաղուց հասունացել է:
Ստորեւ ներկայացվածը` այլընտրանքային ընտրությունների միջոցով Հայաստանում նոր Հանրապետության ձեւավորման ճանապարհային քարտեզն է:
Ճանապարհային քարտեզի նպատակն է` հասնել Հայաստանում ԼԵԳԻՏԻՄ եւ ԱՆՑՆՑՈՒՆ իշխանափոխության:
Գործընթացի հաջողության, դրա լեգիտիմության եւ անցնցունության առանցքն է լինելու` հասարակական պայմանագրերի կնքումը, մի կողմից, քաղաքացիների եւ, մյուս կողմից, հանրային բաց քննարկումների արդյունքում ձեւավորվելիք նոր Հանրապետության ծրագրի կրողները հանդիսացող, նույն խմորումների ընթացքում ձեւավորված ներկայացուցչական մարմնի` Հիմնադիր Խորհրդարանի միջեւ:
Ամբողջ գործընթացը պայմանականորեն բաղկացած է լինելու երկու փուլերից: Առաջինը` լեգիտիմության չհավակնող նախախորհրդարանի կազմավորման ու գործունեության փուլն է, որի առաքելությունն է` մասնագիտական եւ հանրային բաց մասնակցության ձեւաչափով մշակել եւ հաստատել ապագա Հայաստանի պատկերացումը: Երկրորդ փուլում պետք է կազմավորվի ներկայացուցչության ավելի բարձր աստիճանով ներկայացող Հիմնադիր Խորհրդարանը, որը քաղաքացիների հետ պայմանագրերի ստորագրությամբ ձեռք է բերելու ամբողջական լեգիտիմություն եւ իրականացնելու է անցնցուն իշխանափոխություն:
Նոր եւ ներկա հանրապետությունները կամրջվելու են անխուսափելի, բայց եւ սահմանագծված անցումային փուլով:
Սույն նախաձեռնության համար սկզբունքային նշանակություն է ներկայացնում համահայկականության սկզբունքը: Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է եւ, որպես այդպիսին, բոլոր հայերի, ներառյալ արտերկրաբնակ հայության, իրավունքն ու պարտականությունն է ներգրավվել Հայրենիքի ներկայի ու ապագայի կերտման գործի մեջ:
Պետական ներկայացուցչական եւ գործադիր մարմիններում պաշտոնավարության պայմանը, այս առումով, հայրենաբնակությունն է:
Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի եւ Ընտրական հանձնաժողովի ձեւավորում
1. Նախաձեռնող խմբի (ՆԽ) ձեւավորում:
2. Աջակիցների համախմբման սկիզբ:
3. Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) կազմավորում /ԸՀ-ի անդամները չեն կարող Նախախորհրդարանի անդամության թեկնածու առաջադրվել/:
Ընտրական հանձնաժողովի գործունեություն
1. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների չափանիշների մշակում եւ հրապարակում` հաշվի առնելով ողջ գործընթացի համահայկական ընդգրկումը:
2. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ինքնաառաջադրում եւ (կամ) առաջադրում:
3. Նախախորհրդարանի անդամության թեկնածուների ընտրազատում՝ ըստ ԸՀ-ի հաստատած չափանիշների:
4. Ռեյտինգային քվեարկություն (գրանցում, քվեարկություն, արդյունքների ամփոփում եւ հայտարարում): Առաջին 33 տեղերը զբաղեցնողները դառնում են Նախախորհրդարանի անդամ:
Նախախորհրդարանի աշխատանք
1. Նախախորհրդարանի գումարում: ՆԽ-ի եւ ԸՀ-ի լուծարում: Հանձնաժողովների ստեղծում:
2. Նոր Հանրապետության հիմնադրման ոլորտային հայեցակարգերի, ինչպես նաեւ դրանց հիման վրա ռազմավարական հայեցակարգի նախագծերի մշակում, բաց քննարկում եւ հաստատում:
3. Նախախորհրդարանի անդամներից, փորձագետներից եւ խորհրդականներից կազմավորվում է «Այլընտրանքային իշխանության ձեւավորման ինտելեկտուալ ճակատ»:
4. Նախախորհրդարանի ընդլայնված նիստում նոր Հանրապետության ստեղծման Մանիֆեստի (կից` ռազմավարական հայեցակարգով) եւ եւ քաղաքացու հետ կնքվող նոր Հանրապետության ստեղծման պայմանագրի տեքստի մշակում եւ ընդունում, նոր ընտրվելիք Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի (ԸՀ) ընտրություն:
Հիմնադիր Խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի գործունեություն
1. 1-ին փուլի կանոններով Հիմնադիր Խորհրդարանի անդամների թեկնածուների ինքնաառաջադրում եւ (կամ) առաջադրում եւ ընտրազատում:
2. 1-ին փուլի կանոններով անձ առ անձ ռեյտինգային բաց քվեարկությամբ 65 անդամից բաղկացած Հիմնադիր խորհրդարանի ընտրություն:
Հիմնադիր Խորհրդարանի գործունեություն
1. Հիմնադիր Խորհրդարանի գումարում, Նախախորհրդարանի լուծարում:
2. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հնից դեպի նոր Հանրապետության անցումային փուլի ռազմավարության մշակում եւ ընդունում:
3. Հիմնադիր Խորհրդարանի կողմից հետանցումային փուլի նոր Հանրապետության թռիչքային զարգացման ռազմավարության եւ նոր Սահմանադրության նախագծերի մշակում:
Հիմնադիր Խորհրդարանի եւ Ընտրական շտաբների ցանցի աշխատանք
1. Հիմնադիր Խորհրդարանի կողմից Ընտրական շտաբերի ցանցի ստեղծում:
2. Նոր Հանրապետության հիմնադրման պայմանագրերի կնքում քաղաքացիների հետ:
3. Պայմանագրերի կնքման գործընթացը դադարեցվում է ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու կամ մինչ այդ իշխանափոխություն տեղի ունենալու դեպքերում: Երկու դեպքերում էլ Հիմնադիր Խորհրդարանը որոշում է կայացնում Ժամանակավոր կառավարություն կազմելու մասին:
4. Ընտրական ցուցակներում ընդգրկվածների կեսից ավելի քաղաքացիների կողմից պայմանագիր կնքելու դեպքում, այդ փաստի ուժով բացարձակ լեգիտիմություն ձեռք բերած նոր իշխանությունը կազմում է Ժամանակավոր կառավարութուն եւ վարչախմբի հետ իշխանափոխության նպատակով սկսում է բանակցություններ:
5. Իշխանափոխությունից հետո Ժամանակավոր կառավարությունը հնարավորինս սեղմ ողջամիտ ժամկետում կազմակերպում է նոր ընտրություններ:
Henaran.am-ին հաղորդում են ‘Սարդարապատ’ շարժման մամլո գրասենյակից