22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

CNN-ը` Հայաստանի, Ադրբեջանի եւ “Եվրատեսիլի” մասին

Այն նույն ժամանակ, երբ “Եվրատեսիլին” վերաբերող գովազդային հոլովակներում Ադրբեջանը ներկայացվում է որպես հարուստ մշակույթով, բարեկեցիկ երկիր, իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են այդ երկրում տիրող իրավիճակի մասին` կապված մարդու իրավունքների ոտնահարման եւ ալիեւյան կլանի կոռուպացված համակարգի հետ, որին վերջերս անդրադարձել էր ամերիկյան “Time” ամսագիրը` “Վաճառելով Ադրբեջանը” հոդվածում: Ալիեւների կլանի “արմատները” շատ խորն են: Հեյդար Ալիեւը ղեկավարում էր  սովետական  Ադրբեջանը դեռեւ 1969-ից, իսկ 1993-ից դարձավ երկրի նախագահ` հեղաշրջման արդյունքում: 2003-ին` իր պաշտոնաթողումից ընդամենը 2 շաբաթ անց, կրտսեր Ալիեւը հաղթեց կեղծ ընտրություններում, իսկ 2009-ին նա չեղյալ հայտարարեց նախագահության ժամկետների սահմանափակումը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Ալիեւը եվրատեսիլյան հաղթանակին վերաբերվեց իբրեւ ռազմական հաղթանակի: Դա նրա համար  “պետության հաղթանակն էր”, որը նա փորձեց օգտագործել ի շահ իր երկրի: Ալիեւը մեծ գումարներ է ծախսում, որպեսզի “ճգնաժամ”, “կոռուպցիա” եւ “բռնապետություն” բառերն առաջին ասոցացիաները չլինեն Ադրբեջանի մասին խոսելիս: Սակայն երկրի ներկայիս վիճակին նայելով` դա պարզապես անհնարին է:

“Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանում 2010-ին անցկացրած ընտրությունները “ֆարս” էր անվանել, իսկ “Amnesty International” կազմակերպությունը խոսել էր այն մասին, թե ինչպես էր ոստիկանությունը ծեծել եւ ձերբակալել 2 երաժիշտների, ովքեր խաղաղ բողոքի ցույցին ելույթ ունենալուց հետո վիրավորել էին Իլհամ Ալիեւին: Իսկ այժմ այդ երկիրը հյուրընկալել է տասնյակ երաժիշտների` աշխարհի ամենավարկանշային մրցույթն անցակացնելու համար: Մնում է հույս հայտնել, որ նախադեպը նրանց չի սպառնա: Ադրբեջանի իշխանությունները կտրականապես հերքում են նման դեպքերը, ինչպես նաեւ լրագրողների վրա հարձակումները` ներառյալ 2 սպանության դեպք:

Եվ այս ամենի ֆոնին Ադրբեջանը ոչ միայն միլիոններ է ծախսում` որպես հարուստ եւ շքեղ երկիր երեւալու համար, այլեւ ցանկանում է, որ միջազգային հանրությունը հավատա իր` դեմոկրատական երկիր լինելու առասպելին: Այս առիթով ամերիկյան “CNN” հեռուստաալիքը հարցադրում է անում` “արդյոք Ադրբեջանը, որը “մամուլի ազատության աղյուսակում” գրավում է 162-րդ տեղը, իրավունք ունի անցկացնելու նման մրցույթ”:

Ադրբեջանական իշխանություններն արդեն հասկացնել են տվել, որ եթե մեկ կամ մի քանի կատարողներ 125 մլն հեռուստադիտողի առջեւ նույնիսկ ակնարկ անեն Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, ապա դա նրանց դուր չի գա: Սա արդեն հնչում է որպես սպառնալիք, ինչը տարօրինակ է, քանի որ զուտ երաժշտական մրցույթ անցկացնելու դեպքում արդյոք արժե՞ նման “բուռն ապրումներ” ունենալ, չնայած որ վաղուց հայտնի է “Եվրատեսիլի“` քաղաքականացված լինելու փաստը:

Ինչպես նշում է “CNN”-ը, Հայաստանը միակ երկիրը չէ մրցույթի պատմության ընթացքում, որը քաղաքական դրդապատճառներով հրաժարվեց մասնակցել մրցույթին, չնայած որ պատճառն ավելի քան լուրջ էր` զինվորի սպանություն 2 երկրների ընդհանուր սահմանին: Ժամանակի Ավստրիան է հրաժարվել մրցույթին մասնակցել` բողոքելով իսպանացի բռնապետ Ֆրանկոյի վարչակարգի դեմ, հրաժարվել  է նաեւ Լիբանանը, քանի որ մրցույթն անց էր կացվելու Իսրայելում:

Եւ, ի վերջո, արդյոք “Եվրատեսիլն” այսքան թեժ քննարկումների առարկա կդառնար եւ մոլորակի կարեւորագույն իրադարձություններից մեկը, եթե քաղաքական ենթատեքստ չունենար:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ