Շանը խնդրել են դատարան ներկայանալ` որպես վկա
Ազոր անունով ծառայողական շանը խնդրել են որպես վկա հանդես գալ ամերիկյան դատարանում: Կենդանուն հրավիրել են մասնակցելու ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դատական գործին: Ազորին դատարան է կանչել հենց խախտում անողը` Ռոդնի Մաքգին:
2012-ի փետրվարին Մաքգիին կանգնեցրել է ոստիկանը, քանի որ նա մոռացել է միացնել շրջադարձի ցուցանակն իր մեքենայի մեջ: Ոստիկանը որոշել է ստուգել` մեքենայում թմրանյութ չկա արդյոք, որի որոնման համար կանչել է շանը: Շունը, սակայն, ոչ մի կասկածելի նյութ չի գտել:
Օրերս կայացած դատական լսումների ժամանակ Մաքգին խնդրել է, որ կանչեն շանը, որպեսզի վերջինս ցուցադրի թմրանյութ գտնելու իր կարողությունները: “Ես կարծում էի, որ նրանք ինձ մարիխուանա կտան, որպեսզի շունը փորձի գտնել այն ինձ մոտ”,-իր մտադրություններով կիսվել է Մաքգին: Սակայն դատավորը շան ներկայությունը դատարանում անտեղի է համարել եւ խնդրել է տանել Ազորին:
Մաքգին մեղավոր է ճանաչվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Նրան տուգանել են, սակայն նա հայտնել է, որ չի տխրում, քանի որ ինքը պատմության մեջ է մտել` որպես առաջին մարդը, ով շանը դատարան է կանչել:
2011-ին Բոստոնի դատարանը դատի էր կանչել Սել անունով կատվին, սակայն նրա անունը սխալմամբ էր գրված եղել: