Հայ-վրացական նոր թատերական նախագիծ՝ Գյումրու դրամատիկական թատրոնում «Գամարջոբա մամա».
2012-ի հոկտեմբերին Գյումրու դրամատիկական թատրոնը տոմսերի վաճառքի ու լեփ-լեցուն դահլիճի միանգամից մի քանի աննախադեպ ցուցանիշ էր սահմանել. ներկայացումը, որն ազդարարել էր Գյումրու դրամատիկականի 147-րդ թատերաշրջանի բացումը եւ որի տոմսերն սպառված էին առաջնախաղից դեռ օրեր առաջ` բոլոր օրերի ներկայացումների համար, հայ-վրացական համատեղ ներկայացում էր: Թատերասեր հանդիսատեսն ու անգամ նրանք, ովքեր չէին հասցրել տոմսեր հայթայթել մինչ օրս էլ շատ լավ են հիշում ՀՀ ժող. արտիստ պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունը՝ սունդուկյանական պիեսների հիման վրա. «Այ քեզ խաթաբալա»-ն բեմ բարձրացավ որպես Գյումրի-Թբիլիսի մշակութային համագործակցության կամուրջ՝ միաժամանակ հիմք դնելով հայ-վրացական մշակութային բարեկամությանը, որից, անշուշտ, նոր նախագծեր էին ծնվելու:
Երեք տարի անց՝ Գյումրու դրամատիկականում ստեղծագործական գործընթացը դարձյալ Գյումրի-Թբիլիսի մշակութային կամուրջով է անցնում. հոբելյանական 150-րդ թատերաշրջանը աճեմյանցիները կսկսեն «Գամարջոբա մամա» հայ-վրացական համատեղ ներկայացմամբ: Սեպտեմբերի 25-ի բեմելին ու ներկայացման առաջնախաղին պատրաստվելու համար արդեն Գյումրիում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի դերասան Սերգո Սաֆարյանը, ում համար երկու թատրոնների համագործակցությունը մշակութային աննախադեպ նախագծեր ստեղծելուց բացի նպաստում է նաեւ աշխարհում Հայաստանից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնի զարգացմանը:
Իսկ Գյումրու դրամատիկականի համար համագործակցությունը Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս գործող մշակութային կոլեկտիվների հետ ոչ միայն նորություն չէ, այլեւ ձեւավորված աշխատանքային սկզբունք է: Անցնող տարիների փորձն է ցույց տվել՝ նմանօրինակ նախագծերը ոչ միայ սիրվում են հանդիաստեսի կողմից, այլեւ ամենատարբեր մրցանակաբաշխություններում դառնում առաջատար: «Այ քեզ խաթաբալա»-ն 2013-ին Արտավազդ մրցանակի արժանացավ՝ Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի եւ մայր հայրենիքի միջեւ կապերի ամրապնդման համար: Նիկոլայ Ծատուրյանի բեմադրության հաջողությունը կկրկնի թե ոչ Լյուդվիգ Հարությունյանի բեմադրությունը, դժվար է ասել, բայց մի բան հստակ է՝ «Գամարջոբա մամա»-ն հավակնում է դառնալ լավագույն կատակերգություններից մեկը, որ բեմդրիչի խոսքերով՝ «շուրջ երկու ժամ լիաթոք ծիծաղ կպարգեւի հանդիսատեսին»:
150-րդ հոբելյանական թատերաշրջանի բացումն ազդարարող այս ու էլի մի քանի պրեմիերաներով, թատրոնի երախտավորներին նվիրված հոբելյանական երեկոներով, տոնական մեծ հանդիսությամբ, մայրաքաղաքային շրջագայություններով ու մշակութային համագործակցություններով կսկսի իր աշխատանքը դրամատիական թատրոնը սեպտեբերին, իսկ մինչ այդ՝ Գյումրու մշակութային կյանքի զարկերակ-թատրոնում շարունակվում է ստեղծագործական աշխատանքը դեպի աննախադեպ պրեմիերա, որն հայ-վրացական «բարեւ»-ով կազդարարի 150-ամյա թատրոնի հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը:
Լիլիթ Թովմասյան