ՁՄԵՐՈՒԿ. մի՞րգ, թե՞ հատապտուղ
“Ձմերուկը միրգ է”,- կասեք դուք, մյուսները կասեն՝ հատապտուղ է: Իսկ ես կզարմացնեմ և՛ ձեզ և՛ մյուսներին ու կպնդեմ, որ այն պատկանում է դդմազգիների ընտանիքին:
Օգտակար հատկություններ
Հրաշք այս պտուղը, որն 80-90% բաղկացած է ջրից կարող է ոչ միայն լավ հագեցնել ծարավն այս ամառային շոգ օրերին, այլ նաև լի է տարբեր տեսակի օգտակար հանքային նյութերով, միկրոէլեմենտներով, վիտամիններով: Ձմերուկի միզամուղ հատկությունը օգնում է մաքրել աղիները, խթանել մարսողությունը, օրգանիզմից դուրս հանել վնասակար նյութերը, նույնիսկ ի վիճակի է մաքրել երիկամներում առկա աղերը, ավազն ու մանր քարերը, լյարդից մաքրում է տոքսինները և շլակները:
Ձմերուկը օգտակար է հոդացավերին, արթրիտին, աթերոսկլերոզին, գաստրիտին, հիպերտոնիային, անեմիային, սրտի արատների, քթից հաճախ արյունահոսության դեպքում:
Պարունակում է մեծ քանակությամբ մագնիում, որը կարգավորում է աղիքների աշխատանքը, արյան բարձր ճնշումն ու խոլեստերինի մակարդակը օրգանիզմում, հանգստացնում ներվային համակարգը, մկանային սպազմը:
Պարունակում է նաև բջջանյութ, վիտամիններ B1, В2, С, PP, ֆոլաթթու, կարոտին, ինչպես նաև լիկոպեն, որն ուշեղ հակաօքսիդանտ է և կարող է օգնել տղամարդկանց անպտղությունը բուժելուն:
Ձմերուկի հյութը թարմացնում է մաշկը, կարող եք 15-20 րոպե թրջոց դնել այնուհետև լավ լվանալ ջրով և քսել ձեր ցերեկային քսուքը:
Վնասակար է
Շաքարախտով հիվանդներին ձմերուկը խորհուրդ չի տրվում, քանի-որ նրա մեջ առկա են շաքարներից ֆրուկտոզա, սախարոզա և շաքարախտով հիվանդներին հակացուցված՝ գլյուկոզա: Եթե ուտում եք, գոնե անհամ /տակի շերտը/ մասերը կերեք, որքան քաղցր է ձմերուկը, այնքան շատ է շաքարի պաշարը:
Եթե կասկածում եք, կամ առավել ևս գիտեք, որ երիկամներում մեծ քարեր ունեք, ձմերուկը վտանգավոր է, խուսափեք դրանից, քանի-որ, ինչպես ասացի քարերը մաքրելու, բայց ոչ քայքայելու հատկություն ունի, իսկ մեծ քարը կարող է խցանվել:
Եթե վստահ եք, որ վերը նշված հիվանդությունները և ճնշման հետ կապված խնդիրներ չունեք, կարող եք ձմերուկով բեռնաթափման օր նշանակել և մաքրել ձեր օրգանիզմը:
Ձմերուկով բեռնաթափման օր կազմակերպելիս՝ մի մոռացեք, որ այն ուժեղ միզամուղ է, և նման օրերը պլանավորեք շաբաթ կամ կիրակի:
Ե՞րբ և ի՞նչպես գնել
Ամենալավ սեզոնը օգոստոս ամիսն է, երբ վստահ կարելի է գնել ձմերուկ և չկասկածել, որ դա աճեցված է նիտրատների օգնությամբ: Եթե կասկածում եք, մի փոքրիկ կտոր գցեք սովորական ջրով բաժակի մեջ, եթե ջուրը ուղղակի պղտորվում է, վստահ կերեք, իսկ եթե կարմրում կամ վարդագունում, ապա ցավոք ձեր կասկածները տեղին էին, դուք ուտում եք նիտրատներ, ոչ թե վիտամիններ:
Ընտրելիս նայեք, որ փայլուն լինի, իսկ պոչիկը չորացած:
Թերևս այսքանը, գուցե և շատ բաներ բաց թողեցի, քանի որ ձմերուկի մասին կարելի է երկար խոսել ու խոսել, այնպես ինչպես ձմերուկը կարելի է ուտել ու ուտել:
Սիրով և հիասքանչ տրամադրությամբ
Վ.Պ.
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից