28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Նոր Սահմանադրության աբսուրն ու ողջունելի կետը. Ժամանակ

Ներկայացնում ենք «Ժամանակի» վերլուծությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ:

Սահմանադրության նոր նախագիծը կարծես թե պատրաստ է, և մոտավորապես հայտնի է, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Սկսենք նրանից, որ Հայաստանում կառավարման կարգը իսկապես փոխվում է, և ըստ նոր Սահմանադրության՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն: Հայաստանում այլևս չեն լինելու նախագահի ուղղակի ընտրություններ, քանի որ նախագահը ընտրվելու է ԱԺ պատգամավորների և պատգամավորների թվին հավասար ընտրիչների կողմից: Այս ընտրիչներն էլ իրենց հերթին պետք է ընտրվեն ՀՀ համայնքապետերից: Թե ինչպես պետք է տեղի ունենա ընտրիչների ընտրությունը՝ հայտնի չէ: Բայց հայտնի է, որ նախագահի լիազորությունները էականորեն կրճատվելու են:

Մասնավորապես՝ նախագահը այլևս չի լինելու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Ըստ նոր Սահմանադրության նախագծի՝ «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է»: Թե ոչ պատերազմական ժամանակ ով է ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը՝ հայտնի չէ, բայց ըստ Սահմանադրության նախագծի՝ ԶՈւ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, ում վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը: Ինչպես տեսնում եք, այստեղ ևս նախագահը ընդամենը նշանակողի դերում է, քանի որ թեկնածությունն առաջարկում է վարչապետը:

Ընդհանրապես նախագծից պարզ է դառնում, որ նախագահն ունենալու է զուտ արարողակարգային լիազորություններ, և ընդամենը հաստատելու է վարչապետի որոշումները: Նախագահը ինքնուրույն նշանակումներ կատարելու լիազորություն չի ունենալու, չնայած ֆորմալ առումով մնալու է պետության գլուխը: Նախագահը ընտրվելու է 7 տարի ժամկետով, և նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ, մինչդեռ վարչապետի համար նման սահմանադրական արգելք նախատեսված չէ:

Հիմա անդրադառնանք խորհրդարանին, որը շարունակելու է լինել իշխանության բարձրագույն մարմինը: Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ այն ընտրվելու է համամասնական ընտրակարգով և կազմված է լինելու «առնվազն 101 պատգամավորից»: Առնվազն բառը նշանակում է, որ խորհրդարանի կազմը չի կարող պակաս լինել 101 հոգուց, բայց արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ներկա 131-հոգանոց խորհրդարանի փոխարեն կունենանք 101-հոգանոց խորհրդարան՝ ևս հայտնի չէ: Հայտնի չէ, որովհետև «առնվազն» բառը շատ բազմանշանակ է, և Սահմանադրությունը նման տարակարծությունների տեղիք չպետք է թողներ:

Ըստ նոր նախագծի՝ պատգամավորները պետք է ընտրվեն համասնական ընտրակարգով, բայց թե ինչպիսին կարող է լինել այդ նոր համամասնական ընտրակարգը ոչինչ չի ասվում: Բայց ասվում է, որ ԱԺ կանոնակարգը պետք երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում: Մասնավորապես՝ նույն Սահմանադրության նախագծով սահմանվում է, որ կարող է լինել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, եթե առաջին փուլում ի հայտ չի եկել խորհրդարանական մեծամասնություն, այսինքն՝ հաղթող ուժ, ապա առաջին և երկրորդ տեղ գրաված ուժերի մասնակցությամբ պետք է տեղի ունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ: Սա ուղղակի անհեթեթության գագաթնակետն է, որովհետև այդ երկրորդ փուլը նշանակում է ավելի քիչ ձայներ ստացած, բայց խորհրդարան անցած կուսակցությունների իրավունքների տոտալ ոտնահարում: Սա նշանակում է, որ միայն մեկ կուսակցություն հնարավորություն կունենա միանձնյա ձևավորել կառավարություն, իսկ մյուսները զրկված են լինելու նման իրավունքից:

Մի պահ պատկերացնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջին տեղը գրաված կուսակցությունը ստացել է 35, իսկ երկրորդ տեղը գրաված կուսակցությունը 30 տոկոս: Փոխանակ հնարավորություն տրվի, որ մեծամասնություն ստացած ուժը կառավարող կոալիցիա ձևավորի, նախագծի հեղինակներն ասում են՝ ոչ, պետք է լինի երկրորդ փուլ այդ երկու ուժերի մասնակցությամբ: Սա անհեթեթության գագաթնակետն է, որովհետև ընտրողն իր ընտրությունը կատարել է, և քվեարկությամբ իր ձայնը տվել է իր նախընտրած կուսակցությանը: Նման երկընտրանքը բռնություն է ընտրողի ընտրական իրավունքի նկատմամբ. կա՛մ պետք է առաջին տեղը գրաված կուսակցությունը ավտոմատ կառավարություն ձևավորելու իրավունք ստանա, անկախ նրանից՝ 50 տոկոս ստացել է, թե ոչ, կա՛մ պետք է Սահմանադրությունը պարտադրի, որ առաջին տեղը գրաված կուսակցությունը ձևավորի պառլամենտական մեծամասնություն՝ դաշինքներ կազմելով այլ կուսակցությունների հետ:

Այս ամենի փոխարեն Սահմանադրության նոր նախագիծը սահմանում է, որ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ: Իսկ ինչպես որոշել, թե որ կուսակցությունից պետք է լինի ԱԺ նախագահը: Այսօրվա խորհրդարանի 6 խմբակցություններից 5-ը հայտարարել են ընդդիմադիր լինելու մասին, դե արի ու որոշի, թե այս խմբակցություններից որ մեկի ներկայացուցիչը պետք է լինի ԱԺ փոխնախագահ. նա՞, ով ավելի ընդդիմադիր է, բայց նման չափանիշ չկա, թե՞ նա, ով ավելի մոտ է իշխանությանը, ավելի պատրաստակամորեն է կատարում իշխանության հրահանգները: Բայց այս դեպքում էլ ընդդիմություն չի լինի:

Նոր նախագծով սահմանվում է, որ Ընտրական օրենսգրքին համապատասխան խորհրդարանում տեղեր կհատկացվեն ազգային փոքրամասնություններին: Սա ևս չափազանց վիճելի դրույթ է, քանի որ ինչպես պետք է Ընտրական օրենսգիրքը ստիպի, որ որևէ կուսակցություն իր ընտրական ցուցակ վերցնի ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցչի: Կամ որ ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն խորհրդարանում: Այս հարցերը ևս պարզաբանված չեն:

Հայտնի է միայն, որ նոր նախագծով ևս Հայաստանում ընտանիք ձևավորել կարող է միայն կնոջից և տղամարդուց կազմված զույգը: «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Սա նշանակում է, որ Հայաստանում միասեռական ամուսնությունների սահմանադրական արգելքը պահպանվում է: Դե ինչ, բազմաթիվ անորոշությունների ու տարընթերցումների կողքին այս հարցում դրսևորված որոշակի մոտեցումը իսկապես ողջունելի է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ