Դինքին դատապարտած դատավորները շքեղորեն “պարգեւատրվում” են
Ժամանակին ստամբուլահայ “Ակոս” թերի խմբագիր Հրանտ Դինքին թուրքական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտած դատավոր Նիհաթ Օմերօղլուին օրերս Թուրքիայի օմբուդսմեն ընտրելու փաստը եւս մի քանի նմանատիպ օրինակների մասին է հիշեցրել, որին անդրադարձել է թուրքական “Vatan” պարբերականը:
Դինքի դատավճիռը կայացվել էր 24 հոգու կողմից, որոնցից 18-ը կողմ էին արտահայտվել, 6-ը` դեմ:Պարզվում է, որ նա միակը չէ Դինքին դատապարտած դատավորներից, ում պաշտոնը բարձրացվել է: Դատական գործը բացելու թույլտվություն տված Արդարադատության գլխավոր խպորհրդական Ֆահրի Քասըրգան դարձել է Արդարադատության նախարար:
Հասան Էրբիլը, ով եւս կողմ էր արտահայտվել Դինքի դատապարտմանը, դատավարությունից հետո դարձել է Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ: Դատավճիռը հաստատած 9-րդ դատարանի նախագահ Հասան Գերչեքերը դարձել է վճռաբեկ դատարանների նախագահ:
Ի հակադրություն այս ամենի` Դինքի դատավճռին դեմ արտահայատված Օմեր Ֆարուք Էմինօղլին, ով այն ժամանակ վճռաբեկ դատարանի դատախազն էր, Ստամբուլից աքսորվել է Չանքըրայի դատարան:
Հրանտ Դինքի դեմ մեղադրանք էր ներկայացվել 301-րդ հոդվածով, այն է` թուրքականությանը վիրավորանք հասցնելը: Հետագայում մարդու իրավունքների միջազգային դատարանն արդարացրեց Դինքին, իսկ Թուրքիային ստիպեց փոխհատուցում վճարել նրա ընտանիքին: