Ադրբեջանը սպառնում է դուրս գալ ԵԽ-ից
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ հնարավոր է` Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից: Իսկ նման կեցվածքի պատճառ է դարձել Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուների գործունեությունը» վերնագրով հունիսի 23-ին ընդունած խիստ քննադատական բանաձեւը:
Մամեդովը Twitter-ի իր էջում արած գրառման մեջ դժգոհություն է հայտնել ԵԽ-ից:
«Եվրոպայի խորհրդի նման դիրքորոշումը հարցականի տակ է դնում այդ կառույցում Ադրբեջանի անդամությունը», -գրել է Մամեդովը:
Երկրի ԱԳ նախարարությունը եւս անդրադարձել է բանաձեւին` այն բնութագրելով «կանխակալ եւ չհիմնավորված մոտեցում»: Այս մասին հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է, որ «ԵԽ-ը հակաադրբեջանական փաստաթուղթ է ընդունել այն պատճառով, քանի որ Եվրոպային դուր չի գալիս դինամիկ զարգացող մուսուլմանական Ադրբեջանը»: