ՖԻՖԱ-ի նախագահը կձերբակալվի՞. համաշխարհային սկանդալ
Այսօր Շվեյցարիայում պետք է կայանան ֆուտբոլային խոշորագույն միջազգային կազմակերպության` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները: Ընտրություններից առաջ կարծիք կա, որ կարող է ձերբակալվել նաեւ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Ժոզեֆ Բլատերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել է ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` CONMEBOL-ի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահներին, ինչպես նաև Ուրուգվայի, Վենեսուելայի և Կոստա Ռիկայի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին:
Նրանք բոլորը կասկածվում են Ռուսաստանի և Քաթարի` որպես աշխարհի առաջնությունները հյուրընկալող պետությունների ընտրության ժամանակ ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ:
Բրիտանացի լրագրող Էնդրյու Ջեննինգսը կարծում է, որ մոտ ժամանակներում էլի ձերբակալություններ են սպասվում:
Ինչպես նշում է “Московский комсомолец”-ը, Ջեննինգսը դեռեւս 9 տարի առաջ գիրք էր հրապարակել «Ֆոլ, FIFA-ի գաղընի աշխարհը» անվանումով, որում պատմում էր այն կոռուպցիոն երեւույթների մասին, որոնք տիրում են այս կառույցում:
Միեւնույն ժամանակ այհլ փորձագետներ նշում են, որ ձերբակալությունները կապված են այսօր կայանալիք ընտրությունների հետ: Այսպիսով, փորձ է արվում ճնշում գործադրել Ժոզեֆ Բլատերի վրա, ով հայտնի է իր անկախ քաղաքականությամբ:
«Եթե հանցագործություններ եղել են, անշուշտ, պետք է մեղավորները պատժվեն: Բայց մյուս կողմից չի կարելի չխոստովանել, որ առնվազն տարօրինակ է, որ նման երկար հետաքննությունը ջրի երես է դուրս գալիս հենց նախագահի ընտրություններից առաջ»,- ասել է սպորտային իրավունքի մասնագետ Պեդրո Տրենգրոուզեն: