”Հայոց արծիվները”` մարզերում
”Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ անցած շաբաթ գտնվում էր Շիրակի, Արագածոտնի և Արարատի մարզերում, որտեղ պաշտոնապես բացվեց Կազմակերպության 15 մասնաճյուղեր-գրասենյակներ:
Շիրակի մարզի Գտաշեն, Բյուրակն /Գյուլիբուլաղ/, Ոսկեհասկ, Հոռոմ, Գետափ, Տուֆաշեն, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, Կաքավաձոր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան, Գետափ և Արարատի մարզի Նշավան, Սիփանիկ, Դարբնիկ գյուղական համայնքներում բնակիչները աղ ու հացով, զուռնա-դհոլով, մեծ ոգևորությամբ դիմավորեցին ”Հայոց Արծիվներին”: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, ”Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը իր ոգեշունչ ելույթների ժամանակ խիստ կարևորեց “Հայոց Արծիվների” որդեգրած գաղափարախոսության և կարգախոսի դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում` միաժամանակ կարևորելով հայ մարդու, հայ ընտանիքի և ընդհանուր առմամբ հայ հասարակության անմիջական մասնակցությունը հայոց պետականության հզորացման գործընթացներին:
Խաչիկ Ասրյանը կարևորեց նաև “Հայոց Արծիվների” գործունեության դերն ու նշանակությունը հայ հասարակության շրջանում և կոչ արեց բոլորին համախմբվել միասնության տանիքի` ազգային բանակի, հայոց Նախագահի, Հայաստանի Հանրապետության շուրջը` միշտ ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական լինելու համար:
Խաչիկ Ասրյանը ներկայացնելով Կազմակերպության գաղափարախոսությունը, նշեց, որ գյուղապահպանությունը, արտագաղթի կանխումը, ՀՀ քաղաքացու արժանապատվության պահպանումը ուղղակի մասն են կազմում ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսության:
“Հայոց Արծիվների” առաջնորդ Խաչիկ Ասրյանը խոսեց նաև հասարակության շրջանում մուտք գործած արատավոր երևույթների, այդ թվում նաև աղանդների, թմրամոլների, նարկոմանների մասին, և խստագույնս դատապարտելով` կոչ արեց ինչպես գաղափարական, այնպես էլ կոնկրետ միջոցառումներ կազմակերպելով պայքարել այդ արատավոր երևույթների դեմ:
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներին հատկացրեց նաև մարզագույք:
Խաչիկ Ասրյանը իր բոլոր հանդիպումների ժամանակ խորին երախտագիտություն հայտնեց բնակիչներին` ջերմ ընդունելության համար:
“Հայոց Արծիվներ” հհկ Նախագահությունը Շիրակի, Արագածոտնի և Արարատի մարզերում այցելեց նաև զոհված ազատամարտիկների հուշարձաններ և ”Սուրբ Հովհաննես Կարապետ”, ”Սուրբ Մարիամ Աստվածածին” եկեղեցիներ:
”Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության որոշման համաձայն Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքներում գործող ”Սյունյաց Արծիվներ” երիտասարդական հասարակական կազմակերպության մասնաճյուղերը վերանվանվեցին ”Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության:
”Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության մասնաճյուղեր-գրասենյակների թիվը դարձավ 286:
Այս մասին տեղեկացնում է ”Հայոց Արծիվներ” հհկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովը: