23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները փորձել են բռնի ուժով լռեցնել Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հոհվաննիսյանին, ով նոյեմբերի 22-ին մեկնեց Բաքու` մասնակցելու “Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովին”, նիստերից մեկի ժամանակ բռնի ուժով փորձել են լռեցնել: Նիստի այդ հատվածի տեսագրությունը հայտնվել է համացանցում: 

Հիշեցնենք, որ իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ “Ադրբեջանը լավ կանի առաջինը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը”, ինչպես նաեւ ընդգծել էր նախագահի մակարդակով հարեւան պետության մասին նվաստացուցիչ արտահայտություններով խոսելու անթույլատրելիությունը:

Ստորեւ ներկայացնում ենք  Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ելույթը Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում

Պրն նախագահ, մեծարգո գործընկերներ,

Ես կխոսեմ, բայց միայն մեկ անգամ, հետեւաբար՝ բացարձակ հստակությամբ:

Ասիայում խաղաղության, անվտանգության եւ հաշտեցման բարեհույս փնտրտուքով ես եկա այս հրաշալի քաղաքը` Բաքու, որտեղ ժամանակին՝ մինչեւ 1990-ի հունվարյան բռնի տեղահանությունն ու արտաքսումը, հարյուր հազարավոր հայեր են բնակվել: Հայերի երբեմնի ներկայությունից այսօր լոկ մի խոնարհված ու անխաչ եկեղեցի է մնացել, այն էլ այժմ փակ է եւ ծառայում է այլ նպատակների: Փաստացի այսօր Բաքվում չկա հայ, ու թեեւ մեր ադրբեջանցի գործընկերները հայտարարում են մի քանի հազար էթնիկ հայերի թվի մասին, դրա որեւէ վկայություն չգտա: Ես իշխանություններին հորդորել էի ինձ համար հանդիպում կազմակերպել թեկուզ մեկ հայի հետ, ով կհամարձակվեր իր հայկական ինքնությամբ ներկայանալ մերօրյա Բաքվում: 

Ես այստեղ էի եկել բոլորովին այլ՝ երկխոսություն ոգով եւ մտադրությամբ, սակայն անմիջապես բախվեցի դաժան, թեեւ սպասելի իրականության, որ գոյանում է հատվածապաշտությունից, ատելության քարոզչությունից, կրկնվող ռազմաշունչ հռետորաբանությունից, անմարդաբարո այլատյացությունից եւ սահմափակ դիրքորոշումների ոչ ճիշտ ներկայացումից, ինչն առկա է ոչ միայն հասարակական-քաղաքական շրջանակներում, այլեւ նախագահական մակարդակում: 

Առկա է այն ամենը, ինչ հակասում է ICAPP-ի գաղափարներին եւ սկզբունքներին:

Մեր տարածաշրջանում չեն կարող լինել խաղաղություն, անվտանգություն եւ հաշտեցում այնքան ժամանակ, քանի դեռ.

1) Ադրբեջանը դատապարտված պատերազմ է սանձազերծում Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի, ինչպես նաեւ իր իսկ ներսում ապրող փոքրամասնությունների դեմ եւ հետո իր ձախողումների համար մեղադրում ինքնապաշպանության դիմողներին,

2) Ադրբեջանը մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման պաշտոնական քաղաքականություն է վարում, ինչն առանձնապես դրսեւորվեց 2005-ի դեկտեմբերին, երբ Նախիջեւանում՝ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատանը, օրը ցերեկով հազարավոր ձեռակերտ խաչքարեր ոչնչացվեցին: Դա պատերազմական գործողությունների կողմնակի հետեւանք չէր, այլ կատարվեց հրադադարի հաստատումից 11 տարի հետո եւ հակամարտության գոտուց հարյուրավոր մղոններ հեռու: Վայրում, ուր այդ ամոթալի սրբապղծությունը կատարվեց, մինչեւ օրս արգելափակվում է միջազգային բոլոր առաքելությունների մուտքը,

3) Ադրբեջանը շարունակում է ազատ արձակել եւ փառաբանել կացնահարող մարդասպաններին լոկ այն պատճառով, որ զոհը հայ է, եւ ատելության այդ վախկոտ դրսեւորումը  դատապարտող գեթ մեկ ձայն չի հնչում այն միջավայրում, որի մասին ICAPP-ի հիմնադիրը արտահայտվեց՝ իբրեւ «համապարփակ ժողովրդավարության», եւ

4) Ադրբեջանը բառերի ու եզրույթների անիմաստ պատերազմում այսպիսի միջոցառումները ծառայեցնում է «զավթման» եզրաբանության անցնելու համար մի բանի մասին, որն իրականում ազատագրում էր, ապագաղութացում եւ ինքնորոշման` յուրաքանչյուրին տրված իրավունք:  Մինչդեռ «զավթում» բառը շատ ավելի կիրառելի է Շահումյանից եւ Նախիջեւանից մինչեւ Հայկական բարձրավանդակի արեւմտյան սահմաններն ընկած հայրենի ժառանգություն ընդարձակ տարածքների հանդեպ ադրբեջանական եւ թուրքական հսկողության բնութագրման համար, որը հաստատվել է ցեղասպանության, էթնիկ զտումների եւ պաշտոնական խայտառակ ուրացման ճանապարհով:

Խաղաղությունը, անվտանգությունը եւ հաշտեցումը, այնուամենայնիվ, հնարավոր են, եթե բոլորս առաջնորդվենք նույն չափանիշներով.

1) Ջանանք հասնել դրական, արդյունավետ ինքնաքննադատությամբ օժտված կառավարման, հանրային հաշվետվողականության, ընդունենք հավասար քաղաքացիական իրավունքներ եւ մարդկային արժանապատվություն երաշխավորելու պատասխանատվությունը` մեր իսկ ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, փոքրամասնությունների նկատմամբ,

2) Հզորացնենք շարքային քաղաքացուն, քաղաքացիական հասարակությունը եւ իրական ժողովրդավարությունը, ոչ թե գերդաստանային կամ բռնատիրական իշխանավարումը,

3) Ճանաչենք բոլոր հին, թե նոր պետությունների ազատությունը, ինքնիշխանությունը եւ ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի համար վերադարձը status quo ante-ի  անհնար է, մինչդեռ ճանաչումն իր սահմանադրական սահմաններում հնարավոր կդարձնի բոլոր ազգությունների բոլոր փախստականների միաժամանակյա, բազմակողմանի եւ համարժեք վերադարձը, եւ ոչ միայն՝ տարագրված ադրբեջանցիներինը, այլեւ ավելի քան կես միլիոն հայերինը, ովքեր տեղահանվել են Շահումյանից, Նախիջեւանից, Արծվաշենից եւ բուն Ադրբեջանից, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման զոհերի ու վերապրողների  շառավիղների վերադարձը,

4) Պահպանենք բոլոր մշակույթների ժառանգությունը եւ դատապարտենք այդ ժառանգության հանդեպ բոլոր ոտնձգությունները՝ լինի դա իսլամական մշակույթ, բուդդայական, հինդու, հրեական, քրիստոնեական, թե այլ,

5) Կանխվեն եւ պատժվեն բոլոր ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, եւ

6) Դրսեւորվի մարդկայնություն ու գերակայի այն գիտակցությունը, որ վիշտը եւ տառապանքը ընդհարական են, այս առնչությամբ նաեւ արժանին մատուցվի հազարավոր բարեպաշտ թուրք հարեւաններին, ովքեր այդ մարդկայնությունը դրսեւորեցին՝ փրկելով հայերին, ներառյալ իմ մեծ մորը 1915-ի ցեղասպանության օրերին, ինչպես նաեւ հարյուրավոր բարեգութ ադրբեջանցիներին, ովքեր ջանացել են նույնն անել տասնամյակներ անց Սումգայիթի եւ Բաքվի հայկական կոտարածների ժամանակ:

Սրա համար ես երախտագետ եմ: Եվ լավատես եմ վաղվա օրվա հանդեպ՝ ի սեր մեր գալիք սերունդների: 

Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեր սիրալիր հրավերի, հյուրընկալության եւ ճշմարտության հանդեպ համակ ուշադրության համար՝ որքան էլ այն կարող է ահավոր կամ անհաճո համարվել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ