Ինչի համար է պետք ընկուզեղեն օգտագործել
Ընկուզեղենը պարունակում է մեծ քանակությամբ չհագեցված ճարպեր, որոնց թվում` նաև մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք հատկապես շատ են ընկույզի մեջ։ Ընկուզեղենի ճարպերը ջերմացնում են մեր օրգանիզմը ցուրտ եղանակին, քանի որ խթանում են ճարպերի փոխանակման գործընթացը։
Ընկուզեղենը պարունակում է բուսական սպիտակուց, որը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմում։ Հարուստ է ամինաթթու արգինինով, որը խթանում է ազոտի օքսիդի (NO) գոյացումն օրգանիզմում։ Արգինինը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, ամրացնում է դրանց պատերը, նվազեցնում է երակների պատերի բորբոքման և թրոմբոզի առաջացման հավանականությունը։
#Ընկուզեղենի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում զգալիորեն նվազեցնում է ցածր և գերցածր խտություն ունեցող ճարպային սպիտակուցների բաղադրությունը, որոնք վատ խոլեստերինի կրողներն են օրգանիզմում։
Պնդուկը` համեմատած այլ ընկուզեղենի հետ, ավելի քիչ ածխաջրեր է պարունակում, հրաշալի բալասան է շաքարային դիաբետով հիվանդների համար, շատ լավ է համակցվում թթվաշ-քաղցր մրգեղենի հետ։ Ընկուզեղենն ընդհանրապես աչքի է ընկնում հեշտ յուրացվող ածխաջրերի սակավությամբ։
Ընկուզեղենում շատ է բջջանքը, որը խթանում է աղիների գործունեությունը և նպաստում է վնասակար նյութերի հեռացմանն օրգանիզմից։
Ապացուցված է, որ բջջանքով և սպիտակուցով հարուստ սննդակարգը նպաստում է մարդու մարմնի զանգվածի նվազեցմանը գիրության դեպքում։
Զգուշացում:
Կարևոր է իմանալ, որ ընկուզեղենը չի կարող փոխարինել մսեղենին, քանի որ չի պարունակում օրգանիզմին անհրաժեշտ մի շարք ամինաթթուներ։ Ընկուզեղենի չարաշահումը կարող է առաջացնել մարսողության խանգարում։
Ցանկացած տեսակի ընկուզեղեն նպաստում է ոսկորների ամրացմանը, ինչի շնորհիվ կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը, նպաստում է սրտի կանոնավոր աշխատանքին, հանգստացնում է նյարդերը, պաշտպանում է սուր և քրոնիկ սթրեսից, անքնությունից։
Ընկուզեղենը հարուստ է ոչ միայն կալցիումով, ֆոսֆորով, կալիումով և մագնիումով, այլև պարունակում է պղինձ, երկաթ և այլ միկրո և մակրոտարրեր։
Հարուստ է E վիտամինով, ինչի շնորհիվ զգալիորեն խթանում է կանանց ինտիմ զգացումը և տղամարդկանց առնականությունը։
Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընկուզեղենի բոլոր տեսակներն ունեն որոշ ընդհանրություն, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ նյութեր և հատկություններ, որոնցից հատկապես կարևորվում են հակաուռուցքային և ծերացումը կանխարգելող ազդեցությունները։
Ընկույզը համեմատաբար ավելի հարուստ է օմեգա-3 ճարպերով և լինոլաթթվով, այն շատ օգտակար է մտավոր աշխատանքով զբաղված մարդկանց։ Ընկույզի մեջ պարունակվող ամենայուրահատուկ նյութը յուգլոնն է։
Նուշը և ծիրանի կորիզի միջուկը պարունակում են B15 և B17 վիտամիններ, օգտակար են թոքերին, իջեցնում են ճնշումը, խորհուրդ են տրվում երիկամների և հատկապես լեղուղիների հիվանդությունների դեպքում։
Զգուշացում։ Կարևոր է իմանալ, որ ընկուզեղենը չի կարելի ուտել շոկոլադի, քաղցր և աղի ուտեստների հետ, քանի որ այդ դեպքում զգալիորեն նվազում է դրանց օգտակար ազդեցությունը։ Ընկուզեղենի կալորիականությունը բարձր է, խորհուրդ է տրվում ուտել օրը մոտավորապես 25 գ։ Նուշի և ծիրանի կորիզի մեջ պարունակվում է թունավոր նյութ ամիգդալին, որը բեկորը հանդիսացող B17 վիտամինն ունի հակաքաղցկեղային հատկություն։
Ընկուզեղենը խորհուրդ է տրվում ուտել մինչև ընթրիքը` առավոտյան` կաթնաշոռի կամ յոգուրտի, իսկ ետճաշիկին` մրգեղենի հետ։
Մաքրված ընկույզի միջուկը սխալ պահպանման դեպքում դառնանում է, քանի որ դրա մեջ պարունակվող ճարպերն օքսիդանում են. նման մթերքը չի կարելի ուտել։
Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից