Նախկինում անպարկեշտ կյանքով եմ ապրել, Հիսուսը փոխեց ինձ. Սասունցի Դավիթ
Armlur.am-ը զրուցել է երգիչ Դավիթ Թուջարյանի հետ, ով փոշմանել է, որ հրաժարվել է «Սասունցի Դավիթ» բեմական անվանումից, քանի որ այն, նրա կարծիքով, արդեն տպավորվել էր հանդիսատեսի շրջանում: Երգիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այժմ ինքն իր ջանքերը կենտրոնացրել է ընտանիքի, աշխատանքի եւ պարկեշտ կյանքով ապրելու վրա: Նա խոստովանել է, որ նախկինում շատ առումներով անպարկեշտ կյանքով է ապրել, եւ նշել է, թե ով է իրեն օգնել փոխվել:
-Ինչո՞ւ այլեւս հանդես չեք գալիս «Սասունցի Դավիթ» բեմական անվամբ, փոխելով այն` կարծես թե կտրուկ փոխեցիք նաեւ Ձեր երգացանկը, անցաք 6/8 ձեւաչափի երգերի:
-Նոր ձայնասկավառակ թողարկելու պրոցեսում Սասունցի Դավիթից անցա Դավիթ Թուջարյան անվան, հետո հասկացա, որ այդ կտրուկ անցումը սխալ էր, քանի որ մարդկանց մոտ, ամեն դեպքում, տպավորվել էր հին անունը, եւ ճիշտ կլիներ այն պահպանելը: Այնուամենայնիվ, այսօր ես ներկայանում եմ զուգահեռաբար երկու անվամբ, եւ Սասունցի Դավիթը չի մոռացվել: Ինչ վերաբերում է երաժշտական առումով ոճային փոփոխության գնալուն, ապա՝ այո՛, եկավ մի պահ, երբ ես դիմեցի նման քայլի: Աշխատանքի վայրում` հանդիսությունների շրջանակում, կա լսարան, որը նախընտրում է լսել ազգագրական, ժողովրդական երգեր, կա լսարան, որը գերադասում է 6/8-ը: Ի վերջո, ստացվեց այնպես, որ երգում եմ տարբեր ժանրի երգեր:
-Հետաքրքիր է` ինչո՞ւ էկրաններին նախկին ինտենսիվությամբ չեք երեւում:
-Ժամանակին էր, որ ունեի առաջ գնալու մեծ ցանկություն եւ այլն… Այժմ շեշտը դրա վրա չեմ դրել. ավելի շատ մտածում եմ ընտանիքիս, աշխատանքիս եւ պարկեշտ կյանքով ապրելու մասին:
-Նախկինում ինչ-որ առումով անպարկեշտ կյանքո՞վ եք ապրել:
-Շատ առումներով եմ անպարկեշտ կյանքով ապրել, ինչո՞ւ ինչ-որ առումով: Ով որ մեղավոր բնություն ունի իր մեջ, նա անպարկեշտ է ապրում, եթե չի ապաշխարել:
-Ի դեպ, Ձեր ընկերները, Ձեր շրջապատի մարդիկ վկայում են, որ Դուք «հարյուր ութսուն աստիճանով փոխվել եք»: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ փոխել:
-Հիսուսն է ինձ փոխել:
-Դուք Հայ Առաքելական եկեղեցո՞ւ հետեւորդ եք:
-Ես Քրիստոսի հետեւորդն եմ, ինքս թե՛ Առաքելական, թե՛ այլ եկեղեցիներում նկատել եմ ուսմունքներ ու վարդապետություններ, որոնք վերցված չեն Սուրբ Գրքից, շատ քահանաների ու վարդապետների հանդիպելուց հետո նկատեցի, որ շատերը Աստվածաշնչի խոսքը ճշմարիտ չեն մեկնում, եւ իմ մեծ փափագն է տիրոջ խոսքով առաջնորդվելը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում