«Ամենակարևորը ապրիլի 25-ն է» /ֆոտո/
Ապրիլի 19-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արմենիան Նեյվի Բենդն ու խմբի հիմնադիր Արտո Թունչբոյաջյանը հանդես եկան համերգով: Համերգն անցել է Արտոյին հատուկ մթնոլորտում` առանց լացուկոծի, երգով ու հումորով, պարզ ու մաքուր փիլիսոփայությամբ : Խորագիրը, կարելի է ասել, այպիսին էր «Ուր ենք գնում, ուր ենք հասել»: Երգիչը հանդես եկավ մի շարք կատարումներով, որոնց ընթացքում զրուցում էր հանդիսատեսի հետ: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, և նա պատմում էր, թե ոնց են արտագաղթել իր ընտանիքի անդամները Ցեղասպանության ժամանակ: Նա նաև ներկայացրեց իր պատմությունը, ասաց, որ դուստրը պսակվել է Յամայկայի բնակչի հետ ու ծնվել է իր Լոնդոն թոռնիկը: «Բայց ինձ համար բոլորը հայ են:
Ինձ համար ամենակարևորը ապրիլի 25-ն է, այդ օրվանից հետո ապրել է պետք և ապրել սիրով, ճշմարտությամբ և հավատով»,-նկատեց նա: «Երբ որ հեռուն ենք նայում, քիչ սխալներ ենք անում: Հիմա բոլորն ասում են իմը իմը, կարևոր է, թե ինչ ենք թողնում մեզնից հետո»,- շեշտեց նա: «Պիտի այնպես անենք, որ այս երկիրը դառնա արվեստագետների կենտրոն ու արև դառնանք … ես թշնամություն, արյուն չեմ ուզում, ես այդ ամենը թողել եմ, թողել եմ նրանց, էդ իրենց պատասխանատվության վրա է … ապրել է պետք »:
Նկատենք, որ համերգն առանձնանում էր տարբերությունների ներդաշնակությամբ, երգչախումբը քամանչա էր նվագում ու քանոն, ապա հնչում էր ժամանակակից երաժշտություն: Ներկայի ու անցյալի հանդիպում էր…
Նշենք նաև, որ կատարմամբ հանդես եկավ նաև Գոռ Սուջյանը:
«Ուր էինք, հիմա ուր ենք, ուր ենք հասել ու ուր ենք գնում»,-սա էր համերգի համար ընտրված խորագիրը: