19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 83 տարեկան: Ներյակացնում ենք գյումրեցի մանկավարժ, բլոգեր Արա Նախշքարյանի հոդվածը Կարեն Դեմիրճյանի մասին.

Կարեն Դեմիրճյան. մեծ հայորդի, ականավոր պետական գործիչ: Նրա հետ շփվելը, համով-հոտով, հումորիկ խոսքին հաղորդակցվելը մի ուրիշ վայելք էր: Նրա իմաստուն մտքերն ասես՝ դաս ու խորհուրդ:

Կարեն Դեմիրճյանը նաիրյան նորօրյա դոֆին էր…

Նրա հետ շփված, նրա հետ աշխատած մարդիկ վկայում են, որ Սերոբի որդու կյանքի գլխավոր նպատակը Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելն էր: Երիտասարդական ավյունով ու նվիրումով էր գործում նաև վերջին տարիներին՝ նորանկախ հայրենիքը խաղաղ ու ապահով հանգրվան հասցնելու առաքելությամբ:

_ Արժանապատիվ պետք է ապրել՝ հույսը սեփական ուժին ապավինելով: Եկել է այդ ժամանակը:

Կարեն Դեմիրճյանը սիրում էր իր երկիրն ու ժողովրդին, խարիզմատիկ էր, բնուստ ղեկավարի շնորհներով օժտված անհատ, աշխատասեր էր ու գործունակ: Ինտելեկտուալ էր, բանիմաց: Լինելով ճարտարագետ՝ հիմնարար պատկերացում ուներ հումանիտար ոլորտների մասին, քաջածանոթ էր դասական երաժշտությանը, համաշխարհային գրականությանը, փիլիսոփայությանը: Մի առիթով, երբ խոսք բացվեց ԽՍՀՄ-ում արգելված միստիկ փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի մասին, այնքան հանգամանալից ներկայացրեց նրա «Անհավասարության փիլիսոփայություն» աշխատությունը, որ ապշեցի. միշտ պաշտոնի ու բազմազբաղ այս մարդը երբ է հասցրել: Ապա նրանից մի միտք մեջբերելով՝ մտահոգ ասաց, թե անկախության համար պետք է դողալ:

Պակաս ուշագրավ չէ Հրաչյա Ղափլանյանի պատմածը. «Պաշտոնական միջոցառման առիթով Կարեն Սերոբիչը մեր թատրոն էր եկել: Այդ օրերին «Կորիոլանն» էինք փորձում: Նախ քաջալերեց, որ Շեքսպիրի այդ քիչ հայտնի գործն ենք բեմադրում: Իսկ երբ տեղեկացավ, որ երաժշտությունը պատվիրել ենք Մանսուրյանին, ասաց, թե Տիգրանը լավ կոմպոզիտոր է, բայց Բեթհովենի «Կորիոլան» անավարտ կոնտատը նույնպես նկատի առեք… Որքա՜ն մեծ էր իմ ու Խորիկի զարմանքը: Իսկ երբ սկսեց երաժշտությունը սուլել, մենք ուղղակի քար էինք կտրել»:

Տեղին է վկայաբերել նաև Արմենպրեսի՝ իմ գործընկերոջ պատմածը.

«1978թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակի առթիվ ԽՍՀ Միության Մեծ թատրոնը երկու ներկայացումով ժամանել էր Երևան: 

Ժամանակացույցի համաձայն՝ Կ. Դեմիրճյանը բազմամարդ պատվիրակությանը Կենտկոմում պետք է ընդուներ  երեսուն րոպեով: Բայց հանդիպումը տևեց մոտ երկու ժամ. «տանտերն» այնքան հետաքրքիր ու հագեցած էր զրուցում մշակույթի, արվեստի մասին առհասարակ, որ հյուրերը չէին ուզում հրաժեշտ տալ, կարծես մոռացել էին ժամի մասին: Դեմիրճյանը պրոֆեսիոնալի պես  «վերլուծեց» նաև թատրոնի խաղացանկը, իսկ Երևանում  ներկայացվելիք օպերաների մասին խոսեց մանրակրիտ, բանիմացորեն: Աշխարհի բեմեր, մեծ-մեծ ղեկավարներ տեսած Նեստերենկոն, Արխիպովան, Օբրազցովան, 

ներկաներից դարձյալ մեկ-երկուսը խոստովանեցին, որ այդպիսի բան իրենց կյանքում չի պատահել»:

Լիահունչ արժևորել Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործը՝ ժամանակի խնդիր է, որովհետև ժամանակակիցները մի անբացատրելի մտակուրությամբ երբեք ճիշտ և արդար չեն գնահատում անհատներին: Այդպես եղել է միշտ: 

Ընտանեսեր, վայելչասեր այր, արժանապատիվ քաղաքացի… Կարեն Դեմիրճյանի եղերական մահը հարված էր հենց իրեն ծնած, իր այնքան սիրելի ժողովրդի սրտին: Նրա վախճանով ասես հողմածեծ եղան Մեծ հույսի արդեն պարզված առագաստները: Պատմիչի բառերով՝ «Նրան մահվան դեղ խմցնելով՝ զրկվեցինք նրա շնորհի ճառագայթներից»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ