Բաքվի «դատավարության» համատեքստում միջազգային հանրության մոտ իրողությունները դասավորվում են Բաքվի ներկայացրածով. ՀՀ-ն չի դիմադրում, և սա ծանր հետևանքներ է ունենալու երկրի համար. Տիգրան Աբրահամյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին կլրանա 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Պատերազմից 5 տարի անց ինչ կարող ենք արձանագրել և ինչ էր պետք արձանագրել՝ այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ:
– 44-օրյա պատերազմի հետ կապված՝ իշխանությունը երկու ուղղությամբ է շարժվում. առաջին՝ ամեն ինչ անում է, որպեսզի ամբողջ պրոցեսը, դրա քննարկումները՝ քաղաքական, քարոզչական, տեղեկատվական, ուղղի, այսպես կոչված, իրավական դաշտ: Ինչո՞ւ եմ ասում՝ այսպես կոչված, որովհետև դատական համակարգում, քննչական, դատախազական մարմիններում և ուժայիններում թեման տարվում է ըստ իշխանությունների քաղաքական կուրսի՝ ընտրված թիրախներով և կոնկրետ անձերով, որոնք ներկայացվում են՝ որպես պարտության խորհրդանիշներ, տապալողներ: Միաժամանակ նաև փորձ է արվում ամբողջապես պարտությունը հասցեագրել բանակին: Մյուս կողմից՝ իշխանությունները փորձում են պատերազմի թեմայի շուրջ աղմուկն իջեցնել, որպեսզի ըստ իրավիճակի, որն այս դեպքում նախընտրական ժամանակահատվածն է, և չի բացառվում, որ լինեն «աղմկահարույց» հաղորդագրություններ, միգուցե որոշ գործերով և թեմաներով նաև վճիռներ: Այսինքն, իշխանության համար խնդիրը դրված է ոչ թե 44-օրյա պատերազմի քաղաքական, ռազմական, տնտեսական հանգամանքներն ի հայտ բերել և հանրությանը ներկայացնել, այլ դա քաղաքական նպատակահարմարությունից օգտագործել:
– Ի դեպ, երբ հետևում ենք Բաքվի «դատավարությանը», որքան էլ այն ներկայացվի ադրբեջանական քարոզչամեքենային հարմար դրվագներով, միևնույն է` ցույց է տալիս մոտ 30 տարի Հայաստանի ցուցաբերած աջակցությունը՝ որպես անվտանգության երաշխավոր: Այլ հարց է, որ այդպես էլ չկնքվեց ՀՀ-Արցախ ռազմավարական դաշինքի ստեղծման մասին փաստաթուղթ:
– Մեծ առումով, ՀՀ որևէ իշխանություն չի թաքցրել, որ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, սոցիալական առումով աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Եվ այն, որ հայտարարվում էր՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, այդ «անվտանգության երաշխավոր» ասվածի տակ պետք է հասկանալ բոլոր կարգի աջակցությունները, որոնք 3 տասնամյակի ընթացքում եղել են:
Այս տեսանկյունից Բաքվի «դատավարությունը», որն ընթանում է, բնականաբար, դրա ուղղություններից մեկը դա է՝ ցույց տալու ՀՀ մշտական ներկայացվածությունն Արցախում կամ որոշումների կայացման հարցում: Այսինքն, միջազգային ընկալելիության առումով ՀՀ բոլոր իշխանությունները ձևակերպած են եղել Հայաստանի՝ Արցախին սատարելու ուղղությունները, և չեմ կարծում, թե այստեղ առանձնապես ինչ-որ մեծ խնդիր կա:
Այլ բան է, որ այդ կեղծ դատավարությունների միջոցով Ադրբեջանը փորձում է Հայաստանի վրա «ագրեսորի», «զավթիչի», «ցեղասպան պետության» պիտակավորում «կարել», և օգտագործում է նաև այն հանգամանքը, որը դուք ձեր հարցադրման մեջ նշում եք: Իսկ հաջողություն ունենալու է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դրան որևէ ձևով չի արձագանքում: Համենայնդեպս, տեղեկատվական-քաղաքական մասով միջազգային հանրության մոտ իրողությունների վերաբերյալ «փաստերը» դասավորվում են այնպես, ինչպես Ադրբեջանն է ներկայացնում: Որովհետև նա ստեղծում է կեղծ պրոդուկտ, դրանք հասցնում տարբեր ատյաններ, և ՀՀ իշխանությունը որևէ ձևով դրանց չի դիմադրում, չի հակադարձում, չի ներկայացնում ճշմարտությունը, և, բնականաբար, այդ ամենը ծանր հետևանքներ է թողնելու Հայաստանի վրա:
– ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այն կարծիքին է, որ ստեղծված պայմաններում, որում հայտնվել է ՀՀ-ն, չի կարելի գեներալներից պահանջել այն, ինչ իրենք չեն կարող անել, և, որ նրանք գեներալի կոչում ստացել են իրենց զինվորական ծառայության կամ կոնկրետ գործողությունների համար:
– Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հստակ ուղղորդումներ արեց ոչ միայն զինված ուժերի, այլ նաև՝ հրամանատարական կազմի, առաջին հերթին՝ գեներալիտետի նկատմամբ: Փաշինյանը փորձեց նրանց ներկայացնել՝ որպես դասալիքներ, պարտությունը խորհրդանշող դեմքեր, բանակը թալանածներ, և, բնականաբար, եթե ընդհանուր համատեքստում քննարկվում է պատասխանատվության, գեներալիտետի կամ բարձրագույն զինվորական կոչումներ ունեցող և բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հարցը, դա հասարակության շրջանում որոշակի շփոթմունքի, խճճվածության առիթ է դառնում: Սրա հեղինակը ոչ միայն մեր տեղեկատվական դաշտն է, որտեղ բազմաթիվ հակասական մոտեցումներ կան, այլ այն, որ իշխանությունն ուղղորդված է այդպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի բոլոր առումներով պարտության, անհաջողության և այսօրվա կռացած կարգավիճակի պատասխանատու նշանակի զինվորականությանը:
Իհարկե, առանձին զինվորականներից կա կոնկրետ հանրային ակնկալիք, մասնավորապես, ճշմարտությունը փոխանցելու առումով, մեր սպաների և հայրենիքի համար նահատակվածների արժանիքների մասին հրապարակային գնահատական հնչեցնելու և դրանք պաշտպանելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող իշխանությունը նսեմացնում է ոչ միայն բանակի դերը, այլ նույնիսկ այն մարդկանց, ովքեր նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության: Եվ, կրկնում եմ, տարբեր առումներով հանրությունը սպասելիքներ ունի զինվորականներից և նրանց խոսքից: Մյուս կողմից էլ՝ կա որոշակի ծայրահեղացվածություն այն ակնկալիքների մասով, թե զինվորականներն ինչ պետք է անեին այն ժամանակ կամ հիմա:
Բայց սրանք ռազմական բնույթի թեմաներ են, որոնք շատ ավելի անկաշկանդ միջավայրում և բացառապես ռազմական համատեքստում պետք է քննարկվեն:
– Ի՞նչ կասեք ՀՀ զինված ուժերի վերազինման, սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիայի մասին, և որքանո՞վ Հայաստան-Պակիստան հարաբերություններ ստեղծելու երկկողմ փորձերը կարող են վնասել Հայաստան-Հնդկաստան ռազմատեխնիկական համագործակցությանը:
– Զենքի ձեռքբերման կամ մատակարարման տեսանկյունից խոչընդոտ կարող են դառնալ ոչ թե Հայաստան-Պակիստան հարաբերությունները, այլ այսօր Ադրբեջանի հետ առկա հարաբերությունները: Մի կողմից՝ Ադրբեջանը մեծ տեմպերով համալրում է իր զինանոցը, խոսում այն մասին, որ խաղաղության այն պրոցեսը, որ ընթանում է այս պահին, դեռ երաշխիք չէ խաղաղության հաստատման: Մյուս կողմից, ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է Ադրբեջանի ոտքերի մոտ «գալարվելու»՝ ցույց տալու համար, որ ՀՀ-ն հավատում է այդ խաղաղությանը և նույնիսկ փորձում է վերանայել ռազմական բյուջեն:
Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե երրորդ երկրների հնարավոր հակասություններն են կամ Հայաստան-Պակիստան դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատումը, այլ այն, որ ՀՀ իշխանությունն իր համար բաղադրատոմսեր է փնտրում հայ հանրությանը դուր գալու համար և անում է ծախսեր, որոնք կարճաժամկետ առավել տեսանելի և շոշափելի են հասարակության համար՝ ասֆալտ, շինարարություն, և ոչ թե՝ դեպի բանակ: Ռազմական բյուջեի կրճատման շուրջ հայտարարությունների և տրամադրությունների համատեքստում հավելենք, որ այսօր դժվար է գտնել մի պետություն, որը երաշխիք ունի երկարաժամկետ խաղաղության:
Կան երկրներ, որոնց հարևանները խաղաղասեր են, որևէ մեկի հետ որևէ կարգի հակասություն չկա, բայց նույնիսկ այդ երկրները միջազգային իրադրությունը գնահատելիս, կարծում եմ, որ այն դիրքորոշմանն են հանգում, որ ցանկացած պահի երկիրը պետք է պատրաստ լինի անվտանգային խնդիրներին դիմակայելուն: Սա նույնիսկ միջազգային միտում է, և հատկապես՝ եվրոպական տարածքում: Եվ այս իրավիճակում միայն ՀՀ իշխանությունները կարող են քննարկման առարկա դարձնել ռազմական բյուջեի կրճատումը կամ այդտեղից միջոցների ուղղումը սոցիալ-տնտեսական հարցերին, որոնք առաջին պահին կարող են ուրախությամբ ընդունվել, բայց, վստահ եմ, էյֆորիկ տրամադրություններից դուրս դրանք գնահատվելու են՝ որպես մեր երկրին սպառնալիք ներկայացնող գործողություն:
Մարիամ Պետրոսյան
168.am