Սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է» /Տեսանյութ/
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել:
Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, ընտրարշավի մեկնարկ տալու համար:
Չեմ հասկանում, թե ինչպես Փաշինյանը կարող է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ մի կողմ դնել իրականությունը և ապրել պատրանքներով:
Արցախը կործանած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդը իր մոդելն առաջարկում է աշխարհին ու սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է»:
Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի ելույթը:
Գլխավոր ասամբլեայի նախագահ, Գերազանցություններ, Տիկնայք և Պարոնայք,
Ինձ համար առանձնահատուկ է հանդես գալ «Ապագայի գագաթաժողովում», որավհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի իմ ընթացիկ մանդատը ստացել եմ խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա, կա ապագա» կարգախոսի ներքո:
Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ-որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին։
Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն ինչ-որ չափ անցյալ է։
Բայց ապագան նախագծելն այսօրվա ամենակարևոր գործն է։
Անելիքների օրակարգը նույնպես հայտնի է. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա։ Բայց կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում։
Եվ հետևաբար ինչպե՞ս կառուցել ապագան։
Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է, և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե ոչ։
Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ։ Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից։ Եվ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան. պոզիտիվ խոսույթի նյութը քիչ է։ Իսկ գուցե դա նրանից է, որ նախկին մի շրջանում պոզիտիվ խոսույթն է քիչ եղել կամ բացակա։
Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել։ Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանք մտածելու համար, որովհետև այն ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում։
Իմ կուսակցությունն «Ապագա կա» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա։ Հիմա այդպես է գլոբալ առումով։
Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։
Ի տարբերություն նախորդ երեք անգամների՝ ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։
Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա։
Այո՛, առայժմ միայն խոսենք, քանի որ «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր»։ Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։
Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։
Եկեք անենք դա։
Շնորհակալություն։