22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞վ աղետեց Արցախը

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երևի կարծում է, թե բացարձակապես բոլորը «հավի հիշողություն» ունեն կամ, առնվազն, զուրկ են բանականությունից, դատողունակությունից, չհաշված արդեն՝ տեսողությունը, լսողությունը, սեփական աչքով տեսածն ու սեփական ունկերով լսածը վերլուծելու կարողունակությունից: Հնարավոր է, որ նա իսկապես էլ նման ինքնամոլորության մեջ է: Հնարավոր է՝ բոլորին այդպիսինի տեղ է դրել: Վերջին հաշվով՝ նույն բանն են: Եթե այդպես չլիներ, իր վերջին ասուլիսում չէր փորձի Արցախն աղետի մատնելու պատասխանատվությունը ոչ միայն թոթափել իր վրայից, այլև բարդել այլոց վրա: Շեշտենք՝ հերթական անգամ: Իհարկե, հնարավոր է, որ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, իր անմիջական ներկայությամբ, որպես հավանության նշան , տմբտմբացնեն տեսանկարահանող սարքերի ներքո գտնվող գլուխները, թե՝ «հա, շե՛ֆ ջան, Արցախը դու չես հանձնել», բայց դրանից զատ կա նաև իրական… իրականություն: Փաշինյանը հայտարարել է, թե այդ ինքը չի լուծարել Լեռնային Ղարաբաղը:

Պարզ ասած՝ հստակ ակնարկում է Արցախի վերջին մի քանի օրը պաշտոնավարած նախագահ Շահրամանյանին, ով հայտնի ողբերգական դեպքերից հետո հայտարարել է ինչոր թղթի կտոր ստորագրելու մասին՝ «ԼՂՀ լուծարման» հետ կապված: Ընդ որում, այդ թղթի կտորը ոչ ոք չի էլ տեսել: Ի դեպ, ինչն է հատկանշական: Այդ, ինչպես ազգերի ու ժողովուրդների իրավունքների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ չնշանակող թուղթը (եթե նույնիսկ այն կա) ստորագրելու մասին հայտարարվել է ադրբեջանական ուղիղ սպառնալիքների, կոնկրետ՝ Արցախի բնակչությանը մեծից փոքր կոտորելու սպառնալիքի պայմաններում: Գործնականում նույն սպառնալիքներով, որոնց պայմաններում պատանդառվել են Արցախի նախկին ղեկավարներից շատերը: Բայց ամենից հատկանշականն այն է, որ այդ «փաստաթուղթը» շարունակաբար ու անդադար շահարկել, քարոզչական նկատառումներով շրջանառել, անվերջ դրա մասին ճամարտակել են գերազանցապես Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական մյուս մեծուփոքր «նիկոլները»:

Անհամեմատ ավելի շատ, քան նույնիսկ Ադրբեջանի մարդակեր ու հանցագործ իշխանությունները, որոնք հազիվ մի երկու անգամ հիշատակած լինեն դրա մասին: Կարելի է ենթադրել, որ Ալիևն էլ է հասկանում, որ դա ոչինչ չնշանակող թղթի կտոր է, իսկ Նիկոլ Փաշինյանին դա պետք է, որ պատասխանատվությունն իր վրայից գցի… Սակայն բուն իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տասնամյակներ շարունակ սևեռված է եղել Արցախը թշնամուն հանձնելու, ազատագրված տարածքները թշնամապատկան որակելու վրա, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նման պնդումներ պարունակող հայտարարություններով: Բնականաբար, փողոցի միջոցով զավթելով իշխանությունն ու գործնականում տապալելով սահմանադրական կարգը՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ձեռնամուխ է եղել տարիներով իր փայփայած երազանքն իրականացնելուն, այն է՝ Արցախը կործանելուն և թշնամու հոշոտմանը հանձնելուն: Բնութագրական է, որ երբ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո բազմաթիվ գիտակից մարդիկ զգուշացնում էին այդ ռեալ վտանգի մասին, Փաշինյանն իրեն բնորոշ պոպուլիզմով չքմեղանում էր, կոկորդ էր պատռում, թե՝ «ես սկի դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ…»:

Այնինչ, բոլորովին վերջերս անձամբ հենց ինքը հաստատեց, որ իրականում ինքը հենց այդ «գծի» մեջ է եղել: Նա հայտարարեց, թե իր սխալն այն է եղել, որ դեռ 2018-ին, երբ գալիս էր իշխանության, բացեիբաց չի հայտարարել, որ պետք է Արցախը նվիրել թշնամուն: Էհ, հայտարարեիր, ումի՞ց էիր քաշվում, ինչից էիր վախենո՞ւմ: Իսկ գուցե չէր հայտարարում, որովհետև այդ ժամանակ ծոծրակը կտեսներ, բայց երբեք վարչապետ չէր դառնա՞: Լավ, գանք Փաշինյանի վարչապետելուն: Նախքան 2020-ի աղետը «դասավորելը», Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իրենից կախված ամեն ինչ արել է Արցախի ազատամարտում դերակատարում ունեցած բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմական գործիչներին վարկաբեկելու, չեզոքացնելու, քրեական գործերի միջոցով հետապնդելու համար, ավելին՝ այդ պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հետևողականորեն ատելություն է սերմանվել, էլ ավելին՝ հանրային կարծիքի դաշտ է նետվել հերձվածողական թեզ, թե՝ «մեր «թավիշը» հազար անգամ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պայքարը: Եղե՞լ է: Այն էլ ինչպես է եղել:

Ավելին, Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, կանխամտածված կերպով փակուղի է տարել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մեծ հաշվով, դրվել է մի կողմ, ու դրան փոխարինել են «վերելակային» սիլիբիլիները: Հայտարարելով՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Շարունակե՞նք: Իր գործուղած հատուկ բանագնացի միջոցով երրորդ երկրում եղել է հանդիպում Ալիևի բանագնացի հետ, որը փոխանցել է ինչ-ինչ առաջարկներով ծրար: Դա էլ ամենը չէ. Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մեկ ուրիշն է Ստեփանակերտի կենտրոնում 2019-ի օգոստոսին կանգնել ու գոռացել, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Հույզեր կորզելու տպավորություն թողնող այդ բացականչությունն անելով՝ նա գործնականում լեգիտիմություն է ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ Արցախի վրա համատեղ ագրեսիա ծավալելու համար: Արդեն 2020-ին Փաշինյանը նպատակային կերպով ավելի է գրգռել նույն Թուրքիային ու Ադրբեջանին՝ «Տավուշի միջադեպի» վրա փիարվելով ու այն գրեթե Ձիրավի ճակատամարտ ներկայացնելով: Իսկ բուն 2020-ի պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում, որպես ՀՀ վարչապետ, կայացրել է ծայրահեղ սխալ ու անընկալելի որոշումներ: Շեշտենք՝ Արցախի ու Հայաստանի շահերի տեսանկյունից՝ սխալ: Միևնույն ժամանակ, Փաշինյանն է, որ արգելափակել է բոլոր այն հնարավոր գործիչներին, ովքեր կարող էին թեկուզ որևէ կերպ ազդել իրավիճակի վրա: Փաշինյանն է, որ 44 օր շարունակ, պետական պորպագանդայի ամբողջ մեքենան լծած, չհաշված իրեն սպասարկող այլ քարոզչական միջոցները, հայությանը հետևողականորեն պահել է մոլորության մեջ, թե՝ «հաղթում ենք»:

Ամենից էականը. 2021-ի հոկտեմբերին Պրահայում պայմանավորվել է Հայաստանի ու հայության երդվյալ թշնամիների հետ (Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումը՝ Շարլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ), որ հրաժարվում է Արցախից: Փաշինյանն է այն պաշտոնյան, որ հրապարակավ ուրացել է Արցախը, ելել ու պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով Փաշինյանը դարձել է Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանության անմիջական մեղսակիցը: Այդ հայտարարությունից հետո էր, որ Ադրբեջանը լիովին շրջափակեց Արցախը՝ վստահ, որ ՀՀ իշխանություն կոչվողը մատը մատին չի տալու, օգնության չի հասնելու: Ավելին, Ադրբեջանն առավել քան վստահ է եղել, որ շրջափակված Արցախի հայության վրա հարձակման և ֆիզիկական բնաջնջման դեպքում Հայաստանի կողմից որևէ օգնություն չի լինելու, որևէ ռազմական աջակցություն չի լինելու:

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որ հանգեցրել է Արցախի Հանրապետության կործանմանը: Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որ այսօր Սյունիքը թուրք-ադրբեջանական նշանառության տակ է, իսկ Տավուշն արդեն իսկ փաստացի կրծոտված: Ու այդքան աղետ, կորուստ, մահ, ավեր ու նորանոր սպառնալիքներ բերած անձը մեղադրանքներ է հնչեցնում այլոց հասցեին: Իհարկե, միայն Փաշինյանը չէ, որ պատասխանատու է: Բայց նա առաջին ու գլխավոր պատասխանատուն է: Իսկ նման բաները չեն ներվում երբեք, նույնիսկ հազարամյակների ընթացքում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ