23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան ստանձնեց առանձնահատուկ դերակատարում: Նա դարձավ Արցախի հարցով խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ կարգավիճակը Ֆրանսիային թույլ տվեց երեք տասնամյակ շարունակ կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում:
Ֆրանսիան զգալի դեր է խաղացել նաև 2008թ. 5-օրյա պատերազմում Վրաստանում հրադադարի հաստատման գործում։ Բացի այդ, Ֆրանսիան Վրաստանի կարևոր եվրոպական աջակիցներից էր եվրաատլանտյան կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ մերձեցման գործընթացում։
 Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Ֆրանսիական ընկերությունները 1995-2019թթ. շուրջ 2,2 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին շուրջ 2,6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ֆրանսիայի տնտեսության մեջ։
Հայ-ֆրանսիական հարաբերությունների վառ օրինակներ էին նախագահներ Ժակ Շիրակի (2006թ.) Նիկոլա Սարկոզիի (2011թ.), Ֆրանսուա Օլանդի (2014 և 2015թթ.), և Էմանուել Մակրոնի (2018թ.) Հայաստան կատարած այցերը։ Ֆրանսիան ակտիվ աջակցել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) ստորագրմանը և հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին: Ֆրանսիան արդյունավետ աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց Ցողասպանության միջազգային ճանաչման գործում: ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, պահպանելով և զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի կարողանում էր լրացնել և առաջ մղել  Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների հետ ձևավորվող արտաքին քաղաքական օրակարգերը:
Բայց աստիճանաբար այս մոտեցումը փոխվեց նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում։ Վերջին տարիներին փոխվեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի իշխանության բերվելու արդյունքում սկսված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածության աճը, Կիպրոսին և Հունաստանին ցուցաբերած ֆրանսիական աջակցությունը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը,  հիմնական գործոններն էին, որոնք կարելի է ասել դրդեցին Ֆրանսիային փոխել մեր տարածաշրջանում ունեցած իր հավասարակշիռ քաղաքականությունը:
Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մոտեցումներից, սկսեց մերձենալ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ 2023թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ և ֆրանսիական Thales ընկերության միջև ստորագրվեց երեք նոր GM-200 ռադիոտեղորոշիչ համակարգեր գնելու պայմանագիր։ Արարողությանը ներկա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան որոշել է օգնել Հայաստանին՝ հզորացնելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պայմանագիր կնքել ապագայում «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիան Հայաստանին զինելու է նաև 50 զրահափոխադրիչներով՝ երկրի ցամաքային զորքերին պաշտպանվածության բարձր մակարդակ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ապահովելու նպատակով։
Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը։ Պաշտպանական տարբեր պայմանագրերի ստորագրումն իրականում նախապատրաստման ձև է, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում (ինչին ես չեմ հավատում) Հայաստանն ունենա այլընտրանք։
Մյուս կողմից, Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական հարաբերություններն ավելի է խթանել Ադրբեջանին՝ ամրապնդելու ռազմական կապերը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Օրինակ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև 2023թ. նոյեմբերին և Ֆրանսիայի և Հայաստանի միջև 2024թ. փետրվարին կնքված համաձայնագրերից հետո Պակիստանն ու Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել JF-17C Block-III մարտական ինքնաթիռներ մատակարարելու համար։ Գործարքում նշվում է նաև, որ Ադրբեջանը գնելու է «օդ-երկիր» հրթիռներով հագեցած ութ ինքնաթիռ։ Այս գործընթացն ակնհայտ վկայում է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան փորձում է արտաքին դերակատար դառնալ Հարավային Կովկասում։ Կասկածից վեր է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի համաձայնի աջակցել Ֆրանսիայի ձգտելիք նոր դերակատարմանն ու մոտեցումներին։ Դա խնդրահարույց կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների կախվածությունն ադրբեջանական գազից և “Միջին միջանցքով” տրանզիտից՝ խոչընդոտող հանգամանք կարող է դառնալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիային կարողություններին ու ջանքերին։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի դաշնակից Ռուսաստանի արձագանքը և ընդհանուր առմամբ վերաբերմունքն այս հարցերին՝ դժվար չէ կռահել:
Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու: Այն պետք է առնվազն շատ երկար ժամանակ շարունակություն և տեսականիների զարգացում ունենա: Իսկ օրեցոր փոփոխվող ու անկայուն հարաբերությունների այսօրվա աշխարհում կունենա արդյոք այն շարունակություն, թե ո՛չ՝ շատ մեծ հարց է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ