Ադրբեջանում 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը. իրավապաշտպան

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Ադրբեջանում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունը թափանցիկ չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։
Ըստ Սիրանուշ Սահակյանի` Ադրբեջանում բացակայում է արդար դատավարությունը, պետական մակարդակով էլ հայատյաց քաղաքականություն է տարվում։ Նրա խոսքով` իրականացվող դատավարությունների ելքը նախապես կանխորոշված է, հատկապես որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս դրսից այլ փաստաբան ներգրավել։
Հարցին, թե երբ գործերը դատարաններում կլինեն, իրավապաշտպանը դժվարացել է ճշգրիտ ժամկետներ ասել` նշելով, որ մոտակա շաբաթների ընթացքում դատավարություն դժվար թե լինի։
Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը։