21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Օծկավանք

Վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղից հյուսիս-արևմուտք, լեռնային անտառապատ բարձունքի վրա:

Ներկայումս օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են:

Որոշ տեղեկություններ են տալիս մի քանի կցկտուր վիմագիր արձանագրությունները, որոնք, ցավոք, ամբողջական չեն:

Դատելով դրանցից, կարելի է ենթադրել, որ վանքը կառուցվել է 12-13-րդ դարերում:

Վանքի կառույցների մասին համառոտ հիշատակություն ունի Մակար Բարխուդարյանցը

Վանքը բաղկացած է եկեղեցուց, կիսավեր վիճակում գտնվող սեղանատնից, որը գտնվում է եկեղեցուց արևմուտք, կիսավեր և ամբողջությամբ ավերված միաբանական խցերից

և տնտեսական նշանակության կառույցներից, գերեզմանատնից:

Եկեղեցին փոքր, արևմտյան մուտքով և արևելյան կիսաշրջան խորանով միանավ թաղածածկ սրահ է:

Եկեղեցուն հյուսիսից կցված են երկու ավանդատներ, որոնց մուտքերը բացվում են սրահից

Եկեղեցին, ինչպես և բոլոր շինությունները, կառուցված են կոպտատաշ և անտաշ փոքր ու միջին քարերով, կրաշաղախով:

Եկեղեցու ավագ խորանի ստորին շարքում ներդրված է վաղքրիստոնեական կոթողի  պատվանդան :

Պահպանվել է Վերին Խաչենի իշխանուհի, Վախթանգ Հասանյանի կին Արզուխաթունի 13-դ դարի սկզբի նվիրատվական արձանագրույթյան մի հատվածը.

«…սուրբ ուխտիս/… յիշատակին զժամն Ժ աւր… Արզուխաթուն. … որք հաստատ…»:

Կարելի է հասկանալ, որ Արզուխաթունը նվիրատվություն է արել վանքին և ստացել տարեկան տասը պատարագ իր հարազատների հիշատակին:

Վանքը, որ գտնվում էր Ներքին Խաչենի Հասան-Ջալալյան իշխանության տարածքում, պիտի որ բավականին հռչակված լիներ, որպեսզի հարևան իշխանության տիրակալուհին այն այցելեր և

նվիրատվություն աներ:

Արձանագիր այս քարը ընդարձակ արձանագրության մի մասն է, որը ժամանակին տեղադրված է եղել արևմտյան ճակատում՝ մի քանի սպիտակ, սրբատաշ քարերի վրա:

Հետազոտող Սամվել Կարապետյանը նշում է, որ ներկայումս այդ քարերից երկուսը ջարդոտված են և տեղահան արված

Եկեղեցուց արևմուտք գտնվում է պատմական գերեզմանոցը, ուր պահպանվել են մի քանի գեղաքանդակ խաչքարեր և խաչքարերի բեկորներ:

Դրանցից մի քանիսի վրա կիսաեղծ վիճակում պահպանվել են արձանագրությունների պատառիկներ.

«Ես Սմպատ ու Սուզայ կանգնեցաք զխաչս ի տապանա…. աւր…»,

մեկ այլ խաչքարի վրա.՝ «Ես Ավետիս որդի Հասանա կանգնեցի զխաչս …ի տապանին…»:

Ուշագրավ է հետևյալ արձանագրությունը. «Ես քաջ պատերազմող»:

2020 թվականի սեպտեմբերի սկզբին վանքի տարածքում մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մի խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ.

«Ես՝ Գրգոր, կանգնեցի զխաչս ի բարեխաւսութիւն հաւր իմու Հասանայ՝ Մխուդիհ որդու»:

Վանքն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել: Վանքի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ