Խառնվել են իրար. կառավարությունը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած
Կառավարությունը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած։ Պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը ձախողել են։Միտումնավոր ծախսերն ուշացնում են, որպեսզի տեղավորվեն հավաքվող գումարների շրջանակներում։ Արդեն խնդիրներ կան առողջապահության ոլորտում, պարտքեր են կուտակվել բուժհաստատություններում։
Կառավարությունը ժամանակին չի վճարում բուժհաստատություններին՝ մատուցած ծառայությունների համար, որպեսզի նրանք էլ իրենց հերթին՝ կարողանան կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները։ Բուժհաստատությունները պարտքեր են կուտակել մատակարարների նկատմամբ, նաև աշխատավարձերի դիմաց։
Պարտքային այս շղթան առաջիկայում կարող է խորանալ ու տարածվել նաև այլ ոլորտներում։
Ֆինանսական խնդիրները լուծելու համար ստիպված կլինեն բյուջեի, կարևոր չէ՝ բացահա՞յտ, թե՞ թաքնված, սեկվեստոր անել, կամ կրկին կգնան նոր պարտքերը ավելացնելու ճանապարհով։
Այլևս ակնհայտ է, որ առաջին կիսամյակի արդյունքներով՝ լուրջ ճեղք կգոյանա բյուջեում։
Խոսքն առնվազն 100 մլրդ դրամի մասին է, ինչը բավական խոշոր գումար է. հասնում է առաջին կիսամյակի համար նախատեսած մուտքերի գրեթե 8 տոկոսին։
Արդեն խառնվել են իրար, շրջաբերականներ են իջեցնում պետական մարմիններին՝ գործընթացները դանդաղեցնելու, այս տարվա համար նախատեսված առանձին ծախսեր հետաձգելու կամ կրճատելու վերաբերյալ։
Ծախսերի սահմանափակման նպատակով արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Նույնիսկ մի շարք ոլորտներում նախատեսված ատեստավորման ժամկետներն են հետաձգում, որպեսզի խուսափեն աշխատավարձերի բարձրացման տեսքով նոր ֆինանսական բեռը ստանձնելուց։
Մինչև վերջերս գլուխ էին գովում, որ հարկային եկամուտների բարձր կատարողականներ են ապահովում, մուտքերը գերակատարում են։ Հիմա այլևս այդ մասին չեն խոսում, փորձում են թաքցնել բյուջեի խնդիրները։
Առաջին կիսամյակի համար նախատեսել են հավաքել գրեթե 1 տրիլիոն 305 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Հինգ ամսում կարողացել են հավաքել 984 միլիարդը։
Կիսամյակի պլանը կատարելու համար հունիսին պետք է հավաքեն 321 մլրդ դրամ, ինչն անհավանական բարձր ցուցանիշ է այդ ամսվա համար։
Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա հունիսին կարողացել են հավաքել 191,3 մլրդ դրամ։
Եթե նայենք այս տարվա հարկերի աճի դինամիկան՝ լավագույն դեպքում կկարողանան հունիսին նախորդ տարվանից 19-20 մլրդ դրամի ավելի մուտքեր ապահովել։
Դա կնշանակի, որ առաջին կիսամյակում նախատեսվածի համեմատ հարկային եկամուտների 100-110 մլրդ դրամի թերակատարում կարձանագրվի։
Հիշեցնենք, որ առաջին եռամսյակումը թերակատարումը կազմեց շուրջ 44 միլիարդ։
Սպասվում է, որ երկրորդ եռամսյակում թերակատարումը կխորանա։
Կիսամյակի համար նախատեսել էին ավելի հավաքվել 201,4 մլրդ դրամ, հինգ ամսում հավաքել են ընդամենը 72 միլիարդը։ Այն էլ մեծամասամբ հիփոթեքի գծով եկամտային հարկի հետվերադարձն է։ Առանց դրա՝ հարկային եկամուտների աճը չնչին կլիներ։
Արդեն մայիսին մուտքերի աճը գրեթե կանգնել է։
Նախորդ տարի այդ ամսին հավաքել էին 154,1 մլրդ դրամ, այս տարի հավաքել են 155,3 միլիարդ։
Ավելի է հավաքվել ընդամենը 1,2 մլրդ դրամ։ Աճը կազմել է հազիվ 0,7-0,8 տոկոս։
Եթե չլիներ հիփոթեքի վերադարձը, որն այս տարի ներառել են հարկային եկամուտներում, ապա միանշանակ մուտքերի անկում կգրանցվեր։
Բայց անգամ արդեն այդ հանգամանքը չի փրկում։ Ու մինչ տնտեսության մեջ բարձր աճեր են գրանցվում՝ հարկերի աճը գնալով դանդաղում է։
Սկսել են փրփուրներից կախվել՝ տնտեսության կառուցվածքային փոփոխություններն են պատճառ բռնում, հարկերի թերհավաքագրումները փորձում են կապել դրա հետ, արդարացումներ են բերում, կարծես դրանով բյուջեի ֆինանսական խնդիրները լուծվեցին, հարկերը հավաքվեցին։
Հարկերը չեն կարողանում հավաքել՝ ամենուրեք հարկային բեռն են բարձրացնում։ Նույնիսկ փոքր ու միջին բիզնեսին չեն խնայում։
Առանց աչք թարթելու՝ շրջանառության հարկի բեռը կրկնապատկեցին, մի շարք ոլորտներ դրեցին ԱԱՀ-ի տակ, գործունեության որոշ տեսակներ հանեցին միկրոձեռնարկատիրության դաշտից։ Մտադիր են առաջիկայում ընդհանրապես հրաժարվել շրջհարկից։
Հարկային համակարգն են համահարթեցնում՝ փոքր բիզնեսին գցում են խոշորների երախը, դնում են մրցակցային նույն դաշտում՝ առանց մտածելու, թե նրանցից քանիսը կկարողանա դիմանալ դրան։ Մեծ մասը փակվելու են։
Ու դեռ հարց է, թե սրանից բյուջեն որքանո՞վ է շահելու։ Շահելո՞ւ է, թե՞ տուժելու։
Չհաշված այն սոցիալական խնդիրները, որոնք առաջանալու են փոքր բիզնեսի դաշտում զբաղվածների համար՝ այս քաղաքականության հետևանքով։
Բիզնեսին խեղդելով՝ կարծում են՝ բյուջեն շահելու է։ Տնտեսություն չեն թողել, որպեսզի կարողանան հարկեր գեներացնել։ Լուրջ ռիսկեր են ստեղծել բյուջեի համար։ Առաջիկայում այս խնդիրներն ավելի են սրվելու։
Դա ակնհայտ կդառնա հատկապես այն ժամանակ, երբ արտաքին որոշ գործոններ դադարեն լինել։
Խոսքն առավելապես վերաարտահանումներին է վերաբերում, որոնք վերջին տարիներին խոշոր մուտքեր են ապահովել բյուջեի համար։ Բայց այդ մուտքերն էլ որոշ ուղղություններով արդեն սկսել են կրճատվել։
Հակոբ Քոչարյան
Աղբյուրը՝ 168 Ժամ: