23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից

Եռօրյա այցով Սյունիք մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տեղի կուսակցականների հանդիպումը թեժ է անցել։ Կիրակի օրը Կապանում ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ մթնոլորտն այնքան է շիկացել, որ Փաշինյանն «ախրանային» հրահանգել է՝ դահլիճից հեռացնել 8 տարվա կուսակցական ակտիվիստ Արփինե Թումանյանին եւ նրա մորը՝ Սիլվա Գրիգորյանին, որոնք Փաշինյանին փորձել են պատմել մարզի ՔՊ-ում տիրող «անառողջ մթնոլորտի ու անարժաններին պաշտոն տալու մասին»: Ըստ նրանց՝ մարզը ղեկավարում են նախկինների պես։ Փաշինյանը փորձել է լռեցնել, ապա հրահանգել է քննարկման դնել նրանց հեռացման հարցը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ է եկել` Արփինեն եւ մայրը հաջորդ օրը կուսակցությունից դուրս գալու դիմում են գրել։ Հետո պարզել են, որ մարզպետն ավելի վաղ է իրենց հեռացման հարցը դրել կուսակցական խորհրդում, քանի որ նրանք ՔՊ-ում «ընդդիմություն» են եղել եւ բարձրաձայնել են բոլոր թերությունների մասին, գրում է Հրապարակը:

ՔՊ Կապանի մեր աղբյուրներն ասում են, թե Արփինե Թումանյանն իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանի մտերիմներից է, եւ վարչապետի մոտ այդ դեմարշը հենց մարզպետի պաշտոնին հավակնող Դանիելյանն է կազմակերպել: Նրա եւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի լարված հարաբերությունները վաղուց են հայտնի: Կալավանցի Ռոբերտը տեղի ՔՊ-ականներին բարձր պաշտոնների չի նշանակում, փոխարենը լավ հարաբերությունների մեջ է Փաշինյանին քննադատողների հետ։ Արփինե Թումանյանը խոսել է Փաշինյանի նախկին քննադատ, փոխմարզպետ Նարե Ղազարյանի նշանակման մասին, ինչը եղել է վարչապետի հրամանով։ Իսկ մայրը պատգամավոր Մարինա Ղազարյանի հետ է լեզվակռվի բռնվել։

29-ամյա Արփինե Թումանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը ոչ թե իր անձնական բարեկեցության համար է ընդվզել, այլ՝ գաղափարական անարդարությունների դեմ․ «Ես, զոհելով իմ անձնական կյանքը, 8 տարի նվիրվել եմ այս կուսակցությանը, բայց հիմա մարզը զոռով ՔՊ մտածներն են ղեկավարում, մի քանի ավագանիներ կան, որ խոստովանում են՝ իրենք պարտադրված են մտել ՔՊ։ Ճիշտ հասկացեք՝ ես աշխատանքի կռիվ չեմ տալիս, այլ՝ գաղափարի»:

Ապա պատմեց, թե ինչ է տեղի ունեցել. «Խոսել եմ մեր մարզպետի մասին՝ ում հետ է շփվում, ինչ է անում, փորձում է մեր վարչապետին համոզել, որ քաղաքապետերը մեր կողմից են, եւ այլն։ Ասել եմ, որ ՔՊ-ականների հետ բացարձակ հաշվի չի նստում։ Իմ ելույթից հետո դահլիճում ներկաների 80 տոկոսը ծափահարել է, բացառությամբ մի քանի տիկնոջ, ովքեր դուրս չեն գալիս մարզպետի աշխատասենյակից։ Հետո մամաս է ելույթ ունեցել, ու մեր ելույթները չմարսեցին, որովհետեւ մայրս պատգամավոր Մարինա Ղազարյանին ասաց, թե նա ստում է․․․ Ինձ նման հիմարների մեղավորությունն է, որ ժամանակին ասֆալտ քերելով քայլել եմ, բայց ոչ մի բանի չեմ արժանացել, իսկ իրենք․․․ Նույնը՝ պոլիկլինիկայի վարիչ ունենք՝ Նարինե Գրիգորյան, որը ՔՊ կուսակցական չաթից քոփիներ է անում` փոխմարզպետին ցույց տալիս, որը մերժում էր Փաշինյանին։ Կամ՝ էն օրը ՔՊ-ական Նելլի Մինասյանը գրկում-փաթաթվում էր Նիկոլին, բայց, հազար ներողություն, միշտ խոսակցության ընթացքում ասում է. «Տանձս բռնի ձեր ՔՊ-ն, տանձս բռնի Նիկոլը»։ Հիմա էս մարդիկ դարձել են ՔՊ-ական, մենք էլ՝ վատամարդ, որ բարձրաձայնել ենք այս մասին»։

Արփինե Թումանյանը հաստատեց, որ իրեն եւ մորը դահլիճից դուրս են հրավիրել, ու Փաշինյանն ասել է, որ կուսակցությունից իրենց հեռանալու հարցը կքննարկվի․ «Կիրակի օրով կուսակցության գրասենյակը բացել եմ տվել, ու գրել ենք մեր հեռանալու դիմումները: Ինչ-որ կուսակցական լակոտ, որ ասում էր՝ Արփինե, երբ Երեւան ես գալիս, ասա։ Խոսքը Միքայել Խաչատրյանի մասին է, երեւի իր երազանքն էր, որ ձեռքիցս բռներ, դուրս հաներ։ Դուրս գալուց մեկ ժամ հետո ինձ զանգում են, թե բա՝ թող մեր մեջ մնա, ոչ մի բան չլինի, իսկ երբ իմացան, որ գնում ենք դիմում գրենք, ասացին՝ Փաշինյանն այդպես չի ասել, մի շտապիր, բայց իմ համբերությունը հատել է արդեն, հավատացեք՝ իրենք են ինձ կորցրել։ Բացի այդ, երբ վարչապետն ասաց, որ իրենց, այսինքն՝ մեր հարցը պետք է քննարկել, Արուսյակ Մանավազյանն ասաց, որ արդեն քննարկվել է։ Պարզվում է՝ մարզպետը, որ մեկ տարի առաջ է ՔՊ-ական դարձել, մեր հարցն արդեն դրել է քննարկման, որովհետեւ իրեն խոչընդոտում ենք: Անգամ Կապանի խորհուրդը տեղյակ չէր, որ ինքը մեր հարցը դրել է։ Այսինքն՝ այս վեճը եթե անգամ չլիներ, մեզ հեռացնելու էին, որովհետեւ ես միշտ ընդդիմացել եմ իրեն՝ նույն Նարեի նշանակման հարցում, մյուսների: Երբ ասում եմ՝ ինչո՞ւ ես նրանց տեղ տալիս, ասում է՝ հարմար եմ գտնում, օրինակ, դաշնակի հետ աշխատեմ, ՀՀԿ-ականի հետ աշխատեմ, ու իբր վարչապետն է համոզում, որ բոլորը մեր կողմից են»:

Իսկ լավ չէ՞, որ մարզպետը լեզու է գտնում բոլորի հետ։ «Լավ է, եթե կեղծ չլինեն, ես մտածում եմ, որ մարդը մի օրում չի կարող փոխվել»: ՔՊ-ի համար հիմա մեծ պատիվ կլինի, որ նախկիններն իրենց հետ համագործակցեն։ «ՔՊ-ի համար պատիվ կլիներ, եթե մարզպետը մեզ հետ հաշվի նստեր, սիրեր մեզ, գնահատեր, չասեր մեզ` ձեր ՔՊ-ն, մերոնք-ձերոնք»։
Մարզպետը, Արփինե Թումանյանի պատմելով, չի շփվում կուսակցականների հետ, ունի իր նեղ թիմը․ «Ես իմ ելույթում ասել եմ, որ ի սկզբանե բան չեմ ունեցել մարզպետի դեմ, ընդունել եմ իրեն, փորձել շփվել, բայց չի ստացվում… նույն պոլիկլինիկայի վարիչ Նարինե Գրիգորյանը ժամանակին բյուլետեն ծախելու համար դատվել է, հիմա լավ է զգում, սքրիններ է հանում ներքին չաթից, մենք ի՞նչ իմանանք, որ մենակ փոխմարզպետին է տալիս, ոչ, ասենք, Բագրատ սրբազանին»։

Հարցրինք՝ այսինքն միայն ներկուսակցական խնդիրներո՞ւմ է իր անհամաձայնությունը, թե՞ քաղաքական կուրսի հետ կապված` Սյունիքը սահմանամերձ է դարձել, ադրբեջանցիները վերցրել են Գորիս-Կապան ճանապարհը եւ այլն։ «Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, գուցե ավելի ուշ հասկանամ՝ ինչ եմ արել»։

Արփինեի մայրը՝ մասնագիտությամբ երաժիշտ տիկին Գրիգորյանն էլ պատմեց, որ Մարինա Ղազարյանն ու Նելլի Մինասյանը վաղուց են ունեցել իրենց ՔՊ-ից հանելու մտադրություն, բայց չեն հաջողել, մարզպետն է այդ հարցը գլուխ բերել․ «Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը եւ իր եղբայրը, Նելլի Մինասյանը, Մարինա Ղազարյանը փորձում են քանդել մեր տարածքային խորհուրդը, մարզպետը եւ Նարե Ղազարյանը միասին են մեզ հեռացնելու որոշումը կայացրել։ 2 տարի առաջ Մարինա Ղազարյանին 1-ին դպրոցի ուսուցիչներից մեկը դիմել էր, հարցնելով՝ ձեզ չի՞ հուզում, որ դպրոցից 8 հոգի միանգամից դուրս են եկել տնօրենի պատճառով, պատասխանել էր՝ «սաղ տեղերն էլ տիա»: Բայց չէ՞ որ մենք իրենց ընտրել ենք, որ նախկինը չլինի, պետք է իրենք ապացուցեն, որ նախկինում այլ կերպ էր, հիմա՝ այլ։ Ես շաբաթ օրվա ժողովին, երբ սկսեցի խոսել այդ հարցերի մասին, Ղազարյանը տեղից ասաց՝ սուտ է: Ունենալով չարորակ ուռուցք` զսպվածությունս մի քիչ թուլացել է, պատասխանեցի՝ սուտը Դուք եք։ Նա իմ պես հարգված մարդու է նման բան ասում։ Մենք ո՛չ աշխատանքի խնդիր ունենք, ո՛չ պաշտոնի, ընդամենը բարձրաձայնել ենք իրենց սխալները։ Մարդիկ, առանց իրենց կրթական ցենզը հաշվի առնելու, պաշտոնյաներ են։ Իսկ Ղազարյան Մարինան այն անձնավորությունն է, որ ավագանու թեկնածուի կարգավիճակում 2016-ին հարյուրից ավել ձայն չի հավաքել, հաջողեց միայն, երբ համամասնական կարգով իրեն գրեցին ցուցակ։ Ինձ համար դաշնակցական, Հանրապետական՝ կապ չունի, մարդու վարքն է առաջնայինը․․․»: Գրիգորյանը շեշտեց․ «Կուսակցությունից հեռանալու դիմումում շեշտել եմ՝ ստի եւ կեղծիքի պատճառով հեռանում եմ կուսակցությունից»։

Ի դեպ, բողոքողներից մեկին՝ Կապանի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Քրիստինե Պետրոսյանին նույնպես Փաշինյանը հրահանգել է կարճ կապել ու ավարտել։ Սակայն տիկինը շարունակել է, եւ Փաշինյանը մի քանի անգամ զգուշացնելուց հետո նրան «դեմագոգ» է անվանել՝ հայտարարելով, որ ինքն էլ չէր աշխատի նման տնօրենի հետ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ