23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք է մաքրվել բոլոր մեղքերից, սխալներից, պառակտումներից, ատելություններից, բաժանումներից եւ դառնալ բանակ

Իմ յարգանքի տուրքը եւ նպաստը «Տաւուշն Յանուն Հայրենիքի» շարժմանը։ (Խնդրում եմ դիտել եւ տարածել)։

———-

Անվերապահ կերպով աջակցում եւ ձայնակցում եմ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման, եւ այդ թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, եւ բոլոր միւս ուխտապահ հոգեւորականներին, եւ աջակից աշխարհականներին։

Հեռու աշխարհում լինելով որպէս հայ եւ քրիստոնեայ, որքան փափաքում էի ձեր հետ լինել ֆիզիքապէս եւ քայլել Տաւուշից Երեւան։ Բայց փափաքում եմ որ իմացուի որ ոչ միայն ես, այլ ամէն ազգասէր, հայրենասէր հայորդի մենք քայլում ենք ձեր հետ ու ձեր կողքին, Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ։

Ահա ձեր դիմաց այն կայէնը զոր ընտրեցիք այնքան յղփացաւ, շփացաւ, հրէշացաւ եւ թշնամացաւ մեր ազգին որ յայտարարեց թէ Արարատը պէտք է մոռացուի, Ցեղասպանութիւնը պէտք է նսեմացուի, սահմանադրութիւնը թշնամիների պահանջով պէտք է փոխուի, Արցախը որպէս Հայաստանի մաս մեր մտքերից ի սպառ պէտք է ջնջուի, Հայաստանում առիւծ չկայ, ուստի առիւծը գերբից պէտք է վերցուի։

Եւ սա որ ծեծով ու ջարդով զինք ընտրած ժողովուրդին է հայրենազուրկ եւ տնազուրկ սարքում, վտանգում երկիրը եւ ներսում լինելով անագորոյն ու անգութ բռնակալ։ Ով գնում է թշնամու մօտ եւ առնէտի նման համբուրում թշնամու ոտքի տակի փոշին, վախ ու դողով։ Եւ ուրախութեամբ ներկայ գտնուելով ցեղասպան երկրի նախագահի երդմնակալութեան։

Եւ ով փորձում է մեր ազգին սարքել իր նման ստախօս, անարժէք ու անհայրենիք։ մեզ պատերազմներով վախացնելով դարձնել անուղեղ ու անտարբեր, սպառող ու անձնասէր զանգուած որ կը ծախի իր սրբութիւնները մի աման ապուրի դիմաց..։

Ով որ փափաքում է ապրել որպէս որդ եւ գետնաքարշ թշնամու կողմից ոտնակոխեալ արարած, ազատ է, թող այդպէս ապրի։ Թշնամիներ այդ են կարծում հային։ Թշնամիներ սրեցին իրենց թրերը աւելի քան հազար տարի եւ եկան մեզ տեսնելու որպէս նախիր եւ վախկոտ արարածներ մորթուելու համար։

Բայց ոչ, Հայաստանը որդերի, առնէտների եւ այծերի երկիր չէ։ Հայաստանը լեցուն է արծիւներով, առիւծներով, քաջերով եւ հերոսներով։ Մեր փառքերը մեր անցեալներում չէ միայն, եւ եթէ նրանք փափաքեցին մեր մտքերի եւ սրտերի մէջ մեզ մատաղացու սարքել։ Մեր երկրի փառքը ստորաքարշ արարածներ չեն եղել, այլ առիւծը, որին փափաքում էին վերցնել գերբի վրայից։

Եւ ահա նորից գերբի վրայից եւ Եկեղեցու ծոցից մեր համար վերածնուեց Բագրատունեաց առիւծը որ մեզ առաջնորդեց իր խաչով, սրով, եւ միացնում է մեզ բոլորին մեզ կերպարանափոխելով առիւծների որոնք ոչ մի մարդուց, ոչ մի գազանից վախ չունեն։ Եթէ թշնամին մեր հողն է ուզում, ապա որպէս առիւծացած ազգ պէտք է անսպառ բզկտել ամէն գիշատիչի։

Եթէ թշնամին իր ոտքը պիտի դնի ձեր պարանոցների վրայ եւ դուք դա խաղաղութիւն համարէք, մենք մերժում ենք այդ խաղաղութիւնը: Եթէ թշնամին ամէն ամիս Հայաստանից մի մաս պիտի պոկի, եւ դուք դա խաղաղութեան զիջում համարէք, մենք մերժում ենք այդ խաղաղութիւնը։ Եթէ դուք փափաքում էք վախի տակ սոսկումի տակ ձեր երեխաները մեծացնել թշնամու բորենիական ծաղրական քրքիջի ներքեւ, մենք մերժում ենք այդ վախը։ Եթէ դուք պատերազմից վախենում էք, թշնամու ձեռքը երբէք պիտի չքաշուի ձեզ ցեղասպանելուց։

Մենք մերժելով մերժում ենք, հրաժարւում ենք ստից, կեղծիքից, մեր հայրենիքի առուվաճառքից, բանակաքանդումից, մտապղտորացումից, հոգեպղծութիւնից, մեր արժէքների ոտնակոխումից ազգային թունաւորումից եւ առնէտի կեանք վարելուց։

Վախը մարդու մօտ հակազդեցութիւն է միայն։ Մարդ արարածը մարդ կոչուելու համար պէտք է պաշտպանի իր սրբութիւնները որոնց մէջ կարեւորագոյն տեղ է գրաւում իր Հայրենիքն ու արժէքները։

Մեր ոգին մեռած կամ չորացած չէ այլ ստրկացուած վախով ու ննջով, թերամտութեամբ եւ անտարբերութեամբ լեցուած, սին արժէքների հանդէպ ու փողի, հաճոյքի, կերուխումի ու պարի, եւ անհամար այլ մեղքերի ու սխալների մէջ կորած…։

Վերագտէք ով հայութիւն ձեր արժանապատւութիւնը։ Բոլորս անցողիկ ենք կանգնելու յաւիտենական եւ պատմութեան դատաստանների դիմաց։ Ոչ մի հաճոյք կամ վայելք, փող կամ ունեցուածք Հայրենիքի մի հիւլէն չեն արժի։ Ոտքի ելէք, ոտքի ելէք..

Արդ դուրս եկէք ձեր կեղեւներից, սպանեցէք ձեր մէջ վախի սրտերը, որ փորձում են ամէն ռոպէ ցանել ձեր մէջ, ու հագէք Աստուծոյ սպառազինութիւնը, Ձեր կրծքերի տակ թող առիւծի սիրտ ծնի ու հզօրանայ, դարձէք արժանի առիւծ զաւակները ձեր պապերի ու նախնիների, որոնք մերժեցին վախն ու ստրկութիւնը, հայրենիքի պղծումը թշնամիների կողմից եւ դուք որպէս ժողովուրդ բանակ դարձէք, յաղթելու նախ ձեր միջի վախին, ապա ներքին պղծութեան, եւ եթէ բզկտող առիւծ էք, թշնամին ինքը պիտի վախենայ ձեզանից ու ձեր մէջ դրուած աստուածային ուժից։

Մենք պիտի քայլենք որպէս մաքրուած ազգ։ Մենք պիտի քայլենք Տաւուշից մինչեւ Երեւան, Գյումրիից՝ Երեւան, Արթիկից, Աբովեանից, Մոսկուայից, Թեհրանից, Փարիզից, Աթէնքից, Հալէպից, Պէյրութից, Նիւ Եորքից, Լոս Անջելեսից, Պուէնոս Այրէսից, Սիդնիից, դէպի Երեւան, դէպի Արցախ, դէպի նախիջեւան եւ մեր բռնագրաւուած արեւմտահայաստան։ Դարերի վրէժը չի մեռնելու եւ մեզանից խլուած հայրենիքը չի մոռացուելու։ Եթէ ոչ այսօր, ապա վաղը, եթէ ոչ վաղը՝ ապա եկող տարի, եթէ ոչ եկող տարի՝ ապա եկող տասնամեակին, եւ եթէ ոչ եկող տասնամեակին՝ ապա եկող դարերին…։

Պէտք է մաքրուել բոլոր մեղքերից, սխալներից, պառակտումներից, ատելութիւններից, բաժանումներից եւ դառնալ բանակ, հոգեւոր, մարմնաւոր բանակ, եւ մի ազգ, մի հայրենիք, մի դրօշ եւ արարատեան մի ազգ։

Ոչինչ պիտի կանգնի Հայ ազգի հաւատքի, կամքի, նպատակների եւ միասնականութեան դէմ, Մենք միասնական, բռունցք դարձած պիտի հասնենք մեր հայրենիքին։ Պիտի հասնինք Արարատի կատարին։

Աստուած օրհնի մեր երկրին, ազգին եւ առաջնորդի մեզ։

Տ․ Սերոբ քահանայ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ