Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». Փաստ
Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:
Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:
Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:
Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են… կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:
Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ…
Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին…
Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները…
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: