Գործընթացը կասեցվա՞ծ է, թե՞ Փաշինյանը «փափուկ բարձ» դրեց տավուշցիների գլխի տակ. Հրապարակ
Մեկամսյա դադարից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզում էր։ Մարտի 18-ին, հիշեցնենք, նա այցելել էր Ոսկեպար, Բաղանիս եւ այլ համայնքներ եւ տեղի բնակչությանը գուժել սպասվող չորս «ադրբեջանական» տարածքների հանձնման մասին, հետ գալով Երեւան՝ անգամ սպառնացել էր՝ եթե մինչեւ շաբաթվա վերջն այդ տարածքները չհանձնենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։
Հիշեցնենք․ պաշտոնական Բաքուն Երեւանից պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս տարածքները՝ Բաղանիս Այրումը, Վերին Ոսկեպարը, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, որոնք, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Թեեւ փաստացի այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն սովետական մի կարճ շրջան ամրակցված են եղել Ադրբեջանին։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը, ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի կահավորված դիրքերը, ուստի հանձնել այդ տարածքները, կնշանակի ամբողջությամբ Տավուշը հանձնել թշնամուն։ Սա գիտակցում են տավուշցիները, որոնք բուռն դիմադրություն են ցուցաբերում այս ծրագրին, բայց չի գիտակցում մեր պետության ղեկավարը: Այս օրերին պայքարի տարբեր խմբեր են ձեւավորվել, նամակներ են գրվել։ Փաշինյանը, որ խոստացել էր 10 օրից վերադառնալ Տավուշ եւ լսել նրանց առաջարկները, միայն երեկ մեկնեց եւ արդեն ոչ թե շանտաժ անելու, այլ լարվածությունը թուլացնելու՝ ասելով, որ ոչ թե զիջելու, այլ փոխանակելու ենք, իսկ պատերազմի մասին այլեւս չխոսեց։ Հակառակը` փորձում էր հավատացնել, որ Ադրբեջանն ինքն էլ է պատրաստ զիջելու։
Հանդիպման մասնակիցների պատմածներից հասկացվում էր, որ շատերին այնպես են մշակել, որ պրոիշխանական տեսակետներ հայտնեն, կամ էլ Փաշինյանին իսկապես հաջողվել է լապշա կախել տավուշցիների ականջներից։ Օրինակ, բերքաբերցի մի պապիկ ընդդիմադիրներին էր քննադատում եւ առաջ տանում Փաշինյանի թեզը, որ հիշյալ չորս տարածքներն իսկապես ադրբեջանական են։
Երեկ Փաշինյանը Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց համայնքներում կարճատեւ հանդիպումներ է ունեցել, ընդ որում՝ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն էին որոշում՝ ում թողնել հանդիպմանը, ում` ոչ, ապա նախապես հավաքել են բոլորի հեռախոսները։ Ոսկեպարում հանդիպումը կես ժամ է տեւել, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միակողմանի զիջում չի լինելու, որ Ադրբեջանի նախագահի հետ 90 տոկոսանոց պայմանավորվածություն ունի, եւ տարածքների փոխզիջում է լինելու. այն տարածքները, որոնք ԽՍՀՄ ժամանակ եղել են ադրբեջանական, բայց 90-ականներին անցել են մեր վերահսկողության տակ, վերադարձնելու ենք Ադրբեջանին, նույն սկզբունքով էլ նրանք են վերադարձնելու մեր հողերը: Բայց Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու ադրբեջանական հատվածը չենք վերադարձնելու։ Փաշինյանն ասել է նաեւ, թե պայմանավորվածություն կա, որ սահմանազատման աշխատանքներից հետո երկու կողմում էլ բանակին փոխարինելու են սահմանապահ զորքերը։ Միեւնույն ժամանակ տեղ է թողել, որ իր ասածը վերջնական չէ, ու առաջարկել է՝ եկեք, այնուամենայնիվ, այլընտրանքային՝ շրջանցիկ ճանապարհ կառուցենք։ Այդ առաջարկը սրել է իրավիճակը դահլիճում` ոսկեպարցիները գլխի են ընկել, որ Փաշինյանն իրենց խաբում է, որ հետո իր ծրագիրը կյանքի կոչի, եւ ընդվզել են՝ ասելով, որ թույլ չեն տալու։
Հանդիպման մասնակից, պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Փաշինյանը որ տարածքների փոխանակման մասին է խոսել, որոնց հարցում, իբր, 90 տոկոսանոց պայմանավորվածություն է ձեռք բերել։ «Բերքաբերի տարածքները, որոնք մերն են եղել, բայց 90-ականներից իրենց վերահսկողության տակ են, պետք է մեր գյուղի՝ Ոսկեպարի վերեւի եռանկյունի կոչվածի հետ փոխանակում արվի՝ համաչափությամբ: Դա ընկնում է Ներքին Ոսկեպարի տարածքը։ Ինքն ասեց, որ դեռ բանակցություններ են գնում, դա էլ վերջնական չէ: Սա չարյաց փոքրագույն տարբերակն է»,- ասում է Մախսուդյանը:
Հարցրինք. «Եթե այդ տարածքները փոխանակենք, հայկական գյուղերը չե՞ն հայտնվի ադրբեջանական վերահսկողության ներքո, մտահոգություն չունե՞ք, որ կկրկնվի Սյունիքի գյուղերի իրավիճակը, երբ ադրբեջանցիները պատերազմից հետո այնքան են մոտեցել սյունյաց գյուղերին, որ ահուսարսափի մթնոլորտ է տիրում, անասուն են գողանում, մարդկանց են առեւանգում, եւ գյուղերը դատարկվում են»: Մախսուդյանը կրկնեց, որ սա չարյաց փոքրագույն տաբերակն է` ի տարբերություն Փաշինյանի սկզբնական առաջարկի։ Այն դիրքերը, որոնք այժմ զբաղեցնում է երրորդ բանակային կորպուսը, նույնպե՞ս մտնում են այդ «եռանկյունու» մեջ, որը պիտի հանձնվի։ «Ոչ, դրանք մնում են մեր վերահսկողության տակ»,- պատասխանեց Մախսուդյանը։
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով մի քանի շաբաթ է՝ գտնվում է Ոսկեպարում, ում թույլ չեն տվել երեկ մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, մեզ փոխանցեց, որ թեպետ գյուղացիների պատմելով իրենց պահանջները բավարարվել են, բայց եթե նրանք զգոնությունը թուլացնեն, իշխանությունն իր ծրագրերն ավարտին է հասցնելու. «Մարդիկ ասում են՝ փաստացի գործընթացը կասեցված է, հիմա պիտի սպասել եւ հասկանալ՝ փափուկ բա՞րձ են դնում գլխների տակ, թե՞ իսկապես կասեցված է»։
Ուշագրավ է, որ տավուշյան հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանը, իր էջում գրել է, որ Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում տեղի ունեցած հանդիպումներից հետո վարչապետին որոշ հայտարարություններ են վերագրվում: «Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից, պաշտոնապես հերքվում է»,- գրել է նա:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: