Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Շուշի քաղաքի կենտրոնում։
Այն համարվում է հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկը։
Եկեղեցու շինարարությունը սկսվել է 1868 թվականին և ավարտվել 1887 թվականին, որի մասին հարավային մուտքի վերնամասում պահպանվել է արձանագրություն․
«Շնորհիւ և ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ կառուցեալ հրաշակերտ սուրբ տաճարս արդեամբ և տրօք բարեպաշտօն ժողովրդեանց սուրբ Ամենափրկիչ եկեղեցւոյն Ղազանչեցւոց Շուշի քաղաքիս, որոյ շինութիւնն սկեսեալ է 1868 ամի յաւուրս թագաւորութեան աստուածազօր ինքնակալ մեծ կայսեր ամենայն Ռուսանց Աղեքսանդրի Բ-ի և ի հայրապետութեան Գէորգայ Դ-ի, աւարտեցաւ ի 1887 ամի ի թագաւորութեան որդւոյ Նորին օրհնաբանեալ կայսեր Աղեքսանդր Գ-ի և ի կաթողիկոսութեան Մարկարայ Ա-նոյ ի 20 սեպտեմբերի 1888 ամի»։
Կառուցված է սպիտակ մշակված սրբատաշ կրաքարով։
Ունի 34,7 մետր երկարություն, 27 մետր լայնություն, բարձրությունը 40-ից բարձր։
Ողղանկյուն հատակագծով այս կոթողի չորս ճակատներում դուրս են գալիս բազմանիստ աբսիդներ,որոնք հուշարձանին տալիս են խաչաձև գմբեթավոր հորինվածք։
Չորս մույթերի վրա բարձրացող գմբեթը տեղադրված է ճիշտ դահլիճի կենտրոնում։
Եկեղեցին ունի միատեսակ և նույն չափերի երեք մուտք, որոնք բացվում են արևմուտքից, հարավից և հյուսիսից։
Դրանց առջև կառուցված են բոլորաձև նախամուտքեր՝ երեքական դռներով։
Նախամուտքերի միջին դռների վերևում բացվում են սրբատաշ քարերից կերտված խաչաձև փոքրիկ լուսամուտներ։
Դռների վերնամասերը զարդարված են շրջանակի մեջ ներառված պատկերաքանդակներով։
Թմբուկին սլացիկ տեսք տալու նպատակով 16 նիստերը մշակված են ուղղաձիգ համաչափություններով, իրար մեջ ներգծված պատուհան-որմնախորշերով։
Թմբուկը պսակված է հովհարաձև վեղարով։
1982 թվականին եկեղեցին վերանորոգելու ընթացքում , տաճարի հատակը մաքրելիս բացվել է մի կարևոր արձանագրություն, որով հայտնի է դառնում այդ վեհասլաց ճարտարապետական հուշարձանը կառուցող վարպետի և ճարտարապետի անունները։
Բեմաճակատի ստորին մասում փորագրված է․
«Ընծայեցաւ Սուրբ պատկերս յիշատակ աշխատողի շինուն եկեղեցւոյս Ավետիսի Եարամիշենց եւ ի զորայնուն ամենեցոց 18/8-4/86 ամի։ Ջարտարապետ Սիմէոն Տեր Յակոբեանց»։
Եկեղեցու արձանագրություններից մեկը պահպանվել է տաճարի հյուսիսային ճակատապատի լուսամուտի բարավորի վրա․
«Նուիրեաց Բադկես Միքայել Յոսեփեանց և իւր ծնօղ Յռէփսիմին 18-85/9-25» (1885 թվականի սեպտեմբերի 25):
Հակառակ կողմի լուսամուտի գոգի արձանագրությունը հետևյալն է․
«Յիշատակ է վէմս Մահտեսի Յովհաննէս և կողակից Բակումայս Քօչարեանցին ի 1896 ամի»։
Հյուսիսային նախամուտքի քարե շրջանակի մեջ․«Հոգի Սուրբ Աստուած», հարավայինի մեջ․
«Հայր Աստուած», իսկ արևմտյան կողմի շրջանակում․«Ամենա փրկիչ»։
Տաճարի հարավային ճակատապատի խաչաձև լուսամուտի բարավորի վրա արձանագրությունն է․
«Թ․ Թամիրենց Շ Ք նուիրաց ի յիշատակ հօրեղբոր իւրոյ Մհի Մարգարեյի և Բաբայի եւ ծնողաց իւր 1885 ամի»։
Ներսում, բեմի ձախ կողմում , մկրտման ավազանի երեսակալի խորքում, խաչանշանի շուրջը հետևյալ արձանագրությունն է․
«Յիսուս Քրիստոս , Յօհաննէս Մկրտիչ։
Եթե ոչ ոք ծնցի իջրոյ ի հոգոյ ոչ կարէ մտանել յարքայութիւն Ա[ստուծո]յ 1871»։
Ղազանչեցոց եկեղեցու արևմտյան մասում տեղադրված է եռահարկ զանգակատունը։
Զանգակատան առաջին հարկի վերնամասի անկյուններում դրված են չորս քառակոփ, մարդահասակ հրեշտակների արձանիկներ, որոնք փող են փչում:
Զանգակատան երկրորդ և երրորդ հարկերի պատերը իրար են միացած լայն կամարակապ բացվածքներով:
Զանգակատան երրորդ հարկը՝ եկեղեցու նման, պսակված է հովհարաձև վեղարով:
Զանգակատան արձանագրությունը գտնվում է արևելյան ճակատապատում․
«Յիշատակ է այս զանգակատունս ղազանչեցի հանգուցեալ Գաբըրէլի Հովսէփեան Բատիրեանց եւ ղազանչեցի հանգուցեալ Մհտի Մկրտիչ Մարգարեան Խանդամիրեանց ամուսնոց ի վրոյ Բալասանին եւ որդիոցն Յարուփին և Ստեփանին եւ ղազանչեցիոց առհասարակ բոլոր ժողովրդեանն զօր Աստուած ընկալցի ի փառս իւր փրկի հոգիոյ բոլորեցոցն կենդանեաց եւ ննջեցելոց յամին ազգականոցէ եւ փրկչական 1858 ամի»։
Արձանագրությունից պարզվում է, որ զանգակատունը կառուցվել է տաս տարի ավելի շուտ, քան Սուրբ Ամենափրկիչ տաճարը։
Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ ներկայիս Սուրբ Ամենանեփրկիչ Ղազանչեցոց եկեղեցու փոխարեն կառուցված է եղել ավելի հին եկեղեցի , որն էլ հիշատակում է 1821 թվականին Շուշի այցելած Մ․ Թաղիադյանը իր «Ճանապարհորդութիւն ի Հայս» աշխատության մեջ։