30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Թուրքերը եկել էին եկեղեցի՝ իրենց հավանած կանաց ու աղջիկներին տանելու

Գրիգոր Մյուչերեթյանի պատմությունը

Րումտիկ

Գրիգոր Մյուչերեթյանը պատմել է, որ բռնագաղթեցնելու նպատակով Րումտիկի հայերին հավաքել են եկեղեցու բակում: Թուրքերը եկել են եկեղեցի՝ իրենց հավանած կանանց ու աղջիկներին տանելու: Գրիգորի մորը ևս մի թուրք է մոտեղել՝ առաջարկելով ամուսնանալ, սակայն մայրը մերժել է՝ ասելով, թե նախընտրում է մեռնել, քան դավանափոխ լինել: Հետագայում ևս մի թուրք է ցանկություն հայտնում ամուսնանալ Գրիգորի մոր հետ: Մերժում ստանալով՝ թուրքը սպանում է նրան, իսկ Գրիգորին մի կերպ հաջողվում է հասնել Կեսարիա՝ հորեղբորորդու մոտ, գրում է armeniangenocide100.org-ը:

Րումտիկինի հայերը եկեղեցին կը հաւաքեն՝ բռնագաղթեցնելու նպատակով: Թուրքեր եկեղեցի կու գան իրենց աչքին հաճելի երեւցող կիներն ու աղջիկները տանելու: Երեխայ Գրիգոր Միւճէրէտեան իր մօր հետ եկեղեցւոյ մէջ սարսափի մատնուած` կը սպասէ գալիքը: Թուրք մը կը մօտենայ Գրիգորի մօր եւ կ՚առաջարկէ ամուսնանալ անոր հետ: 

Մայրը կը մերժէ` ըսելով, թէ կը նախընտրէ մեռնիլ, քան հաւատափոխ ըլլալ: Ուրիշ թուրք մը կ՚առաջարկէ Գրիգորը իր մօտ ծառայութեան առնել: Գրիգոր կ՚ընկերանայ ասոր, սակայն ճամբան փախուստ կու տայ եւ իր տունը կը մեկնի: Թոփալ Մուրատ անունով թուրք մը Գրիգորն ու Երուանդ Դանիէլեան անունով ուրիշ հայ տղայ մը իր կալերուն մէջ կ՚աշխատցնէ: Թոփալ Մուրատ Երուանդը ոչխարի պէս դաշոյնով կը մորթէ՝ Գրիգորի վրայ սարսափ ազդէլով: Ժամանակ մը ետք Գրիգոր տուն կը վերադառնայ եւ մայրը հոն կը գտնէ: Մայր ու որդի ուրիշ չարիքի մը կը հանդէպին. Ղօճա Նէճիպ կոչուող թուրք հրէշ մը կ՚ուզէ Գրիգորի մօր հետ ամուսնանալ: Երբ մայրը կը մերժէ թրքանալ, թուրքը կը սպառնայ մայրն ու Գրիգորը սպաննել: Մայրը կը յաջողէ Գրիգորը ղրկել Կեսարիա` հօրեդբօրորդւոյն քով: Ղօճա Նէճիպ Գրիգորի մայրը կը սպաննէ: 

Գրիգոր Կեսարիոյ մէջ կարճ ատեն մը կ՚ապրէ հօրեղբօրորդւոյն հետ, ապա կը մեկնէ Կեսարիոյ գիւղերէն Մունճուսուն` թուրքի մը մօտ ծառայելու: Մունճուսունի մէջ Գրիգոր տառապանքով լի կեանք մը կ՚անցընի իր հայ ընկերոջ հետ, որուն անունը չի յիշեր: Օր մըն ալ, Կեսարիայէն երկու ոստէկաններ կու գան եւ Գրիգորն ու ընկերը Կեսարիոյ քաղաքապետին քով կը տանին: Ճամբան ոստիկանները զանոնք սաստիկ չարչարանքի կ՚ենթարկեն՝ ձիերուն ետեւէն վազցնելով: Երբ Կեսարիոյ քաղաքապետը եղելութիւնը կ՚իմանայ, երկու ոստիկանները կը պատժէ: Գրիգոր չի յիշեր այս պատահարին թուականը, բայց պէտք է 1918-ի աշնան զինադադարէն անմէջապէս ետքն եղած ըլլար, որովհետեւ քաղաքապետը կ՚ըսէ, թէ հայ ազգը զիրենք կը պահանջէ: Գրիգոր որբանոց կը մտնէ: Կարճ ատեն ետք ան կը գտնէ իր հայրը: Բախտը զանոնք կը նետէ Ֆրանսա, ուր ալ կը հաստատուէն: 

Հայկազուն Յ. Եափուճեան «Յիշատակարան  Րումտիկինի», հրատարակութիւն Րումտիկինի Հայրենակցական  Միութեան, տպարան  «Ատլաս» , Պէյրութ, 1967, 288 էջ: Գրիգոր Միւճէրէտեան, «Մօր Մը  Զոհողութիւնը» , էջ 214 – 224:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ