Բաբկեն Արարքցյանը այլեւս այս կյանքից գնաց․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մահացել է Բաբկեն Արարքցյանը
Ցավալի է, որ երիտասարդներից շատերը գուցե եւ չիմանան ում մասին է խոսքը, մինչդեռ Բաբկեն Արարքցյանը անկախացող Հայաստանի եւ ազատագրվող Արցախի կյանքի եւ պայքարի ակունքներում կանգնած պետական-քաղաքական սկզբունքային մեծ գործիչ է։ Իր քաղաքական գործունեությունը սկսվել է Ղարաբաղյան շարժմամբ, պարոն Արարքցյանը եղել է ՀՀ Գերագույն Խորհրդի, ապա՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։Լրագրողական երկար տարիների ընթացքում հաճախ եմ շփվել պարոն Արարքցյանի հետ եւ՝ «Պիոներ Կանչ»-ում աշխատածս տարիներին /երբ դեռ սովետ էր, բայց մենք դեպի անկախություն գործը սկսել էինք/ եւ՝ «Առավոտ»-ում։Կարծում էի դժվար մարդ է, շփումներում՝ զուսպ, հարցազրույցներ գրեթե չէր տալիս, բայց եւ՝ ինձ չի մերժել, եղել են տարբեր հարցազրույցներ պարոն Արարքցյանի հետ։
Դրանք խորը եւ ենթատեքստերով զրույցներ էին։
Իրականում, մենք ավելի հաճախ սկսեցինք շփվել, երբ ինքը իմացավ, որ ես ազգակցական կապ ունեմ Ռաֆիկ Բուլիկյանի հետ։Իսկ ես անակնկալի եկա, երբ իմացա, որ նա իմ դիսիդենտ, անհետ կորած հորեղբոր ընկերն է եղել դեռ Մոսկվայում ուսանելու տարիներին; Դրանից հետո մենք ավելի սրտամոտ էինք շփվում, խորհուրդներ էր տալիս Ռաֆիկի եւ իր ընդհանուր ընկերներից ում գտնեմ, ում հետ խոսեմ, ում հետ ոնց խոսեմ, նաեւ նրա ջանքերով գտնվեցին Ռաֆիկի ցայդօր անտիպ եւ կորած համարվող ստեղծագործությունները։
Եւ, երբ 2011-ին նաեւ պարոն Արարքցյանի ջերմ եւ սրտացավ մասնակցությամբ/նա եւ ընկերները ինձ շատ էին ոգեւորում/ ես տպագրեցի Ռաֆիկ Բազիկյանի «Տիեզերական» գիրքը՝ բանաստեղծությունների եւ պոեմների մի գիրք, պարոն Արարքցյանը սիրով ընդունեց հրավերս, իր ընկերների հետ եկան գրքի շնորհանդեսին, խոսք ասացին, ու, կրկին հիշեցին իրենց անհետ կորած խենթ բանաստեղծ եւ սովետը ուղնուծուծով մերժող ընկեր Ռաֆիկ Բուլիկյանին։
Շատ անկեղծ եմ ասելու՝ շատ եմ ափսոսում, որ Բաբկեն Արարքցյանը այլեւս այս կյանքից գնաց, հուսամ, իր նոր կյանքում գուցե եւ կհանդիպեն հին ընկերները։
Սրտանց ցավակցում եմ Բաբկեն Արարքյանի ընտանիքին, ընկերներին, բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն հիշել ու գնահատել մեր անկախ պետականության ակունքներում կանգնած գործիչներին։
Թող պարոն Արարքցյանի հոգին լույսերի մեջ լինի․․․»։