22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ում ծայրագավառը կդառնանք: Հայաստանը նոր, լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հրատապությունն ավելի օրակարգային էր դարձել 2015-ին՝ Սիրիա ռուսական զորքերի ներխուժումից հետո: Դրա մասին առաջինը արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում:
Ռուսաստանն արդեն չէր կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն սիրիական կոնֆլիկտի եւ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բռնի փոփոխված եւ հաստատված նոր ստատուս քվոն մեր օգտին չէ, եւ Ադրբեջանն առաջ է քաշում նոր պահանջներ:
Ուկրաինա ներխուժելուց հետո Հայաստանի սահմանների անվտանգությունն ու Լեռնային Ղարաբաղի հայության ապագան դարձան երրորդական Ռուսաստանի համար, նրա համար կարեւոր էր պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առճակատման:

Այսպիսի վտանգավոր պայմաններում Հայաստանի ղեկավարությունը սկսեց հակառուսական քարոզչությունը, թեեւ արեւմտյան երկրները որեւէ գործնական բան չեն առաջարկում ռուսական «մաշած բարձիկի» փոխարեն:
Իհարկե կա Ֆրանսիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը, սակայն դա միայն ավելի է կոշտացնում Ադրբեջանի հռետորաբանությունը. նման համագործակցությունը չպետք է ստանա հանրային այսպիսի լայն տարածում:
Դրա հետ մեկտեղ իշխող թիմը միայն քննադատում է, սակայն չունի քաղաքական կամք՝ անելու Արեւմուտքին ընդառաջ այն քայլերը, որոնք վերջինս սպասում է: Խոսքը Հռոմի ստատուտի մասին չէ, այլ, օրինակ, ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից դուրս գալու եւ ամենակարեւորը՝ 102-րդ ռազմաբազան հեռացնելու:

Մի օր Փաշինյանը պնդում է, որ ռազմաբազան հեռացնելու հարց չկա, մյուս օրը խոսում է դրա անարդյունավետության մասին: Կարելի է ասել Փաշինյանն իրոք գերազանցել է նախկին ղեկավարներին արտաքին քաղաքականության մեջ փոփոխական եւ հակասական ելույթներ ունենալու հարցում, որոնց հետեւանքով հանձնում է ՀՀ ինքնիշխանության վերջին տարրերը: Սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին փաշինյանական իրականության թշվառությունը, եւ դրանից հետո Հայաստանը հայտնվել է նոր, ավելի ողբերգական ու լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ:

Թեեւ թուրք-ադրբեջանական տանդեմն իր պահանջները սկսել է ներկայացնել խաղաղասիրական քողի տակ, նրանք գիտակցում են, որ զուտ բանակցություններով չեն ստանա այն, ինչ իրենց պետք է:

Բացի փաշինյանական իշխանության կոմպետենտության պակասից՝ պատերազմ կարող է ծնել իսրայելա-պաղեստինյան նոր վակումը: Այն շատ անկանխատեսելի է, եւ չի բացառվում, որ մեր տարածաշրջանն օգտագործեն Իրանին հարվածելու համար:
Չի սպառվել նաեւ Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու օրակարգը, սակայն ուկրաինական ճակատում իրենց համար բարենպաստ պայմանների ստեղծումը փոխում է իրավիճակը, մանավանդ որ արեւմտյան հարթակները սպառել են իրենց:

Հայաստանի ղեկավարությունը պետք է այս ծանր պայմաններում հաշվի նստի, խոսի Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի հետ, իսկ եթե չանի դա եւ շարունակի կասկածի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա մենք կորցնելու ենք մեր տարածքները, հաղորդակցման ուղիները եւ ապրելու ենք 100-հազարավոր ադրբեջանցիների հետ, եւ հարց է՝ ում ծայրագավառը կդառնանք:
Արմեն Մկրտչյանaliqmedia

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ