70 տարեկան կնոջ բերանը հող լցնելով տանջեցին. «Թող կամաց-կամաց սատկի»

Սերոբ Ստեփանյանի պատմությունը
1916 թ., Մուշ
Ցեղասպանությունը վերապրած Գեաբոլան գյուղից Սերոբ Ստեփանյանը պատմում է՝ 25 տարեկան է եղել, երբ շեյխն իր ոչխարներն արածացնելու համար նրան խնայել ու գերի է պահել: Այնուհետև 1916-ին մենակ փախել է ռուսների մոտ: Գերության ժամանակ, երբ քրդերի հետ ոչխարներին տարել է Մշո դաշտ արածացնելու, տեսել է, թե ինչպես են քուրդ ու թուրքոստիկանները ման գալիս գյուղերով և թաքստոցները խուզարկելով բոլորին սպանում: Ամբողջովին մերկ կանայք, միայն մի լաթի կտոր կապած, թափառել են ու ուտելիք խնդրել: Բայց քրդերը նրանց էլ չեն խնայել և բոլորին այրել են, գրում է armeniangenocide100.org-ը:
Բուլանըխի Գեաբուլ գիւղացի Սերովբ ՅովսԷփ Ստեփանեանը (25 տ.), որ իրենց գիւղի շէյխ Մստոյի քովը գերի էր մնացեր և 1916-ի փետրուարին կը յաջողի փախչիլ և անցնիլ ռուսերուն մէջ, հետևեալը կը պատմէ իր գերութեան շրջանի մասին.
Շէյխ Մստոն իր բազմաթիւ ոչխարները պահելու համար խնայեց ինձ, իմ փոքր եղբօրս, երեք հօրեղբօր տղայ, երկու քոյրերուս և մօրս: Մենք քիւրտերու հետ գացեր էինք մինչև Մուշի կողմը` Խաշխալդաղ գիւղը, ապա Յարդերթ գիւղը: Երբ փետրուարին ռուս բանակը Մշոյ վրայ քալեց, ես փախայ անոնց մէջ, իսկ մերոնք մնացին, անոնցմէ ո՛չ մի լուր չունիմ:
Երբ ես Մշոյ դաշտն էի (քիւրտերու մէջ), կը տեսնէի, թէ ինչպէս քիւրտերը և թուրք ոստիկանները ման կու գային հայ գիւղերը և թաքստոցները քանդելով կամ ջրհորները խուզարկելով՝ բոլոր թաքնուածները կը հանէին դուրս և կը սպաննէին կամ գետը կը ձգէին: Կիներ կային, որ ամբողջովին մերկ, միայն լաթի մը կտոր կապած իրենց ամօթանքի վրայ, կը թափառէին ի խնդիր ուտելիքի: Բայց քիւրտերը ատոնց ալ չէին խնայեր և բոլորն ալ հաւաքելով՝ տարին Վարդօ գաւառի Կիւմկիւմ գիւղը ու այրեցին: Երիզակ գիւղին մէջ (Մշոյ դաշտ) տեսայ 3 տարեկան երեխայ մը, որ փորսող տալով կ՚երթար աղբիւրէն ջուր կը խմէր, ապա գալով՝ դռան շէմքին սպաննուած իր մօրը դիակին վրայ գլուխը կը դնէր ու կը քնանար… Քիւրտ լամուկ մը երեք անգամ ատրճանակով կրակեց անոր վրայ, բայց գնդակ չառաւ անոր: Խեղճը այդ վիճակին մէջ թողնելով, մենք հեռացանք:
Ատկոն գիւղին մէջ քիւրտերը գտան 70 տարեկան պառաւ մը, զոր բռնեցին, գետին ձգեցին և բերանը հողով լեցնելով` այնքան ջուր ածեցին վրան` մինչև որ պառաւը խեղդուեցաւ… «Թող կամաց-կամաց սատկի»,- կը ծիծաղէին ոճրագործներր:
Խաշխալդաղի մէջ քիւրտերը հետևեալ դէպքն են պատմած Սերոբին.- «Մշոյ քովը գտնուած Ջրիկ գիւղին մէջ հայ տղամարդ մը իր կնոջ հետ մտած էր տան մը մէջ և իր մաուզէր ատրճանակով կը կռուէր մեզ (քիւրտերու) հետ, որ 70 հոգիէ աւելի էինք: Նա մեզմէ սպաննեց 3 հոգի: Ապա երբ ատրճանակին մէջ միայն մի շեշտ (10 հատ) փամփուշտ էր մնացեր, նա դուրս եկաւ իր դիրքէն կնոջը հետ միասին և պատռելով մեր շղթան` առաջ անցաւ: Մենք յաջողեցանք զայն թիկունքէն քանի մը տեղով զարնել և գետին ձգել: Անոր հերոս կինը իսկոյն ամուսնոյն դաշոյնը քաշեց և ինքնասպան լինելով ինկաւ անոր դիակին վրայ… Մենք ապշած ու հիացած մնացինք…:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 425, թթ. 17-18, շրջ., բնագիր, ձեռագիր:
ՀայոցցեղասպանությունըՕսմանյանԹուրքիայում. Վերապրածներիվկայություններ, փաստաթղթերիժողովածու, հ. 2, Բիթլիսինահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 154 – 155:
Աղբյուր` armeniangenocide100.org