ՀՀԿ-ից սահուն քայլերով հասավ ՔՊ. Խաչիկ Վարդանյան
ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական և ռազմական պաշտոններ, Արցախի և Հայաստանի անունը հոլովելով բիզնես են դիզել, իսկ այսօր, երբ Արցախը գրեթե կորսված է, իսկ Հայաստանը գտնվում է լրջագույն վտանգների առջև, նրանք նախընտրում են լռել, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:
Այսօր կանդրադառնանք Գյուլագարակի համայնքապետ խաչիկ Վարդանյանին: Խաչիկ Վարդանյանը հարուստ քաղաքական կենսագրություն ունի. եղել է ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, Հայկական վերածնունդ կուսակցությունների անդամ: 2016 թվականին ընտրվել է Գյուլագարակ համայնքի գյուղապետ, 2017-ի նոյեմբերին, համայնքների խոշորացման ժամանակ, չի վերընտրվել: Ապա մեկնել է ՌԴ: Առավոտ կայքի տեղեկություններով՝ տեղացիները պատմում են, որ Վարդանյանների ընտանիքի՝ ՌԴ մեկնելու պատճառներից մեկն էլ եղել է որդուն զինվորական ծառայությունից ազատելը: Ի դեպ, վերջինս, հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, Կրասնոդարի մարզում տուն են գնել եւ այնտեղ հաստատվել: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խաչիկ Վարդանյանը վերադարձել է Գյուլագարակ եւ այդ ընտրություններում ղեկավարել է ԲՀԿ-ի տեղի շտաբը: 2021 թվականի օգոստոս ամսից նա նշանակվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ տեղացիների զրույցների՝ Խաչիկ Վարդանյանը հայտարարել է, որ եթե այս ընտրություններում ինքը չհաղթեց՝ նորից վերադառնալու է Կրասնոդարի մարզ:
2017-ի ընտրություններում ՀՀԿ-ական Խաչիկ Վարդանյանը պարտվել է Մհեր Գեւորգյանին և փաստացի ՔՊ ցուցակով ռևանշի հասավ իր վաղեմի հակառակորդի նկատմամբ: Սակայն, ուշագրավը դա չէ, այլ այն, թե ինչպես փոխվեցին Վարդանյանի քաղաքական հայացքները թիմը փոխելուն զուգահեռ: Ինչպես գիտենք, նույն ՀՀԿ դիրքորոշումը Արցախի հարցում խիստ տարբերվում է ՔՊ դիրքորոշումից, սակայն այս տարբերությունը չխանգարեց Վարդանյանին այժմ էլ աշխատել մի քաղաքական թիմի հետ, որի հետ, ըստ էության, իր հայացքները չպետք է որ համընկնեին՝ հաշվի առնելով համայնքապետի քաղաքական անցյալը: Սակայն ո՛չ Արցախի վերջնական հանձնումը, ո՛չ Հայաստանի սահմաններից ստեղծված վերահաս վտանգը չեն ստիպում պետական կառավարման ոլորտում բավական երկար ճանապարհ անցած գործչին խոսել և առնվազն քաղաքական գնահատական տալ այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի և Հայաստանի շուրջ: Ինչպես երևում է, Վարդանյանի բոլոր մտահոգություններն անվտանգային հարցերում վերացել են, ֆորս մաժորային իրավիճակում Կրասնոդար մեկնելը կա ու կա..
Շարունակելի…