Պուտինը եւ Օբաման քննարկել են Սիրիայի եւ Իրանի խնդիրները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեքսիկական Լոս-Կաբոսում, տեղեկացնում է “РИА Новости”-ն:
Բանակցությունների ընթացքում 2 երկրների ղեկավարները մասնավորապես քննարկել են Սիրիայի դրությունը: Հանդիպման ավարտին արված համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ Սիրիայի ժողովրդին հարկավոր է հնարավորություն տալ ինքնուրույն որոշելու իր զարգացման հետագա ուղին: 2 երկրների ղեկավարները հայտնել են իրենց աջակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման` Քոֆի Անանի ծրագրին եւ կոչ են արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը:
Օբաման եւ Պուտինն անդրադարձել են նաեւ Իրանի խնդրին` կոչ անելով վերջինիս կատարել իր պարտականությունները ՄԱԿ-ի ԱԽ-ի եւ ՄԱԳԱՏԵ-ի առջեւ, ինչպես նաեւ համագործակցել ՄԱԳԱՏԵ-ի հետ միջուկային ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ 2 երկրների առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերը:
“Մեծ քսանյակի” գագաթաժողովի շրջանակներում Պուտինը եւ Օբաման առաջին անգամ էին հանդիպում որպես նախագահներ: Ակնկալվում էր, որ նրանց հանդիպումը տեղի կունենա մայիսի 18-19-ը Քեմփ Դեյվիդում կայացած “Մեծ քսանյակի” գագաթաժողովին, սակայն այդ ժամանակ Պուտինի փոխարեն ԱՄՆ մեկնեց վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Պուտինի բացակայությունը Սպիտակ տանը բացատրեցին նրա զբաղվածությամբ: