20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայ ցեղի վահագնակերպ զինվորն ու զորավարը. Անդրանիկ-150

«Աշխարհի մեջ մենք մենակ ենք: Բավական է այդ մենակությունը, որ մեր թուլությունը զրահ ու պողպատ հագնի»:

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ, 1918 թ., Կարին

Այս տարի լրանում է հայ ժողովրդի ֆիդայական համաստեղության լեգենդար հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան 150 տարին: Մեր ֆիդայիները բոլորն են հերոսներ, բայց թող մեղանչում չլինի նրանց պայծառ հիշատակի առջև, եթե ժողովուրդը…  առանձնացնում է Անդրանիկին: Նա դեռ կենդանության օրոք իր ՙհրեղեն սերնդի՚ հետ դարձավ լեգենդ ու պատմություն:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա գավառի Շապին- Գարահիսար գյուղաքաղաքում:

Օզանյանները հայտնի ընտանիք էին Թուրքիայում:  Մուշեղյան վարժարանում 6 տարի սովորելուց հետո Անդրանիկը կիսատ է թողնում ուսումը և զբաղվում հյուսնությամբ: Տակավին 17 տարեկան, տեղի սովորության համաձայն, ամուսնանում է` ինչպես ինքն էր սիրում ասել` «շատ սիրուն օրիորդի մը  հետ»:

Սակայն փոքրահասակ կինը ծննդաբերելիս մահանում է, իսկ կենդանի մնացած զավակը` փոքրիկ Լևոնը, մոր ճակատագրին է արժանանում մի քանի շաբաթ անց. միակ ժառանգը, որ ունեցել է հայոց դյուցազնը իր աստանդական 62 տարվա ընթացքում:Այդուհետ հայրենիքի ու ժողովրդի ճակատագրով ապրելը դառնում է Անդրանիկի կյանքի սրբազան նպատակը:

Անդամագրվելով  ֆիդայիների քաջարի բանակին`  նախ ծառայում  է իր համեստ արհեստով` ատաղձագործությամբ (ջարդված հրացանի կոթերն է վերանորոգում), ապա ֆիդայական կռիվներում մարտական մկրտություն ստանալով` դառնում   նույն դյուցազնախմբի  անփոխարինելի հայդուկապետը:… Անդրանիկը թեև անուս էր, բայց օժտված էր զորավարական բնածին տաղանդով: Տիրապետում էր բուլղարերենին, թուրքերենին, ֆրանսերենին: Նրան անվանել են Նոր Վահագն, Տարոնի առյուծ, Սասունցի Դավթի ուղղակի շառավիղ, Կարմիր Վարդանի թոռ, գոյություն չունեցող պետության սպարապետ, Հայոց Աքիլլես ու Գարիբալդի:

Վիլյամ Սարոյանը նրան կոչում էր մեծագույն հայ, Շահան Շահնուրը համարում էր բոլոր ժամանակների Հայ Ոգու 3 հաղթանակներից մեկը` Մաշտոց, Կոմիտաս, Անդրանիկ: Անդրանիկին թե՛ հայության կողմից և թե Բուլղարիայի կառավարության (ուր 1905-1914թթ. ապրել և նույն թուրքերի դեմ անձնվեր  մարտնչել է հայոց դյուցազնը), շնորհվել են բազում  շքանշաններ, Գեորգիևյան ՙՈսկի խաչ՚, գեներալ- մայորի կոչում:

Նա  6000 վերստ մարտական ուղի է անցել, և հետաքրքիր է, որ այդ ամբողջ ժամանակ ընդամենը մեկ անգամ է վիրավորվել ոտքից, այն էլ`պատահական, հայ զինվորի արձակած նետից` Էրզրումում խառնակ նահանջի ժամանակ: Անդրանիկը բացառիկ դեմք է ֆիդայական շարժման մեջ նաև այն առումով, որ հասցրել է մահանալ բնական մահով:

Ցավոք, Անդրանիկի նման ժողովրդական, լեգենդար հերոսի արծվային կյանքն ավարտվեց օտար եզերքում` կարելի է ասել`  չգնահատված մայր- հայրենիքի կողմից, թեև հարազատ  ժողովուրդը մշտապես  արժանացրել է նրան    համազգային գնահատումի ու պանծացումի դափնիների և հոգու լռության մեջ  անվերջ ակնածանքով փայփայել նրա  խնկելի հիշատակը,  անմահացրել նրան` որպես ՙՀայոց պաշտպան քաջ Անդրանիկի՚, ամենուր նրա անվամբ վեր խոյացրել հուշակոթողներ, անվանակոչել փողոցներ ու հրապարակներ, ձոնել երգեր,բանաստեղծություններ, գրքեր: 

Անդրանիկը կյանքի վերջին տարիներն ապրում էր Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում: 1927թ. օգոստոսի 31-ին սրտի շրջանում ուժեղ ցավ է զգում, կանչում է երկրորդ կնոջը` Նվարդին, բռնում նրա ձեռքը և պատվիրում. ՙՆվարդ, եթե այս անգամ ցավը զիս տանի, մարմինս օտար հողի վրա չթողաս: Անպայման փոխադրե Հայաստան:

Կուզեմ հոն մեռնիլ և թաղվիլ  թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գերեզմանների մոտքը, ոչ որպես անոնց քով պառկելու արժանիք ունեցող մեկը, այլ որպես պահակ` մեր մեծ մարդկանց: Եթե այս էլ չեք կարող, քանի դեռ կենդանի եմ, իմ աչքի առաջ կտրեցեք ցուցամատս և ուղարկեք Հայաստան, որովհետև այդ մատով եմ պահել բոլոր նշանները թշնամու վրա:

…Եթե հայ ժողովուրդը կուզի մահից հետո ինձի պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր` թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ ստեղծի մի ուսումնարան`  հայ մանուկներին կրթելու և դաստիարակելու համար: Ա՛յս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդին…  

Եթե ա՛յդ էլ չեք կարող, մարմինս այրեք և մոխիրը ցանեք հայոց լեռներուն վրա… Մահս չեմ հոգար, այլ գործս` որ կիսատ մնաց … :

Գործդ կիսատ չի՛ մնա, Զորավար: Նորօրյա ֆիդայիները հռչակեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը: Վստահ եմ` կհռչակվի և Պատմական մեր մեծ Հայրենիքի` Հայաստան Աշխարհի անկախությունը, և կնորոգվի ու կգործի նաև քո երազած Առաքելոց վանքը, ինչպես որ Վերադարձա՛ր Դու և խաղաղ ննջեցիր Արարատի հովանու տակ` ընդմիշտ գտած ամբողջ կյանքում փնտրած Քո բրաբիոն ծաղիկը` հող հայրենին:     

ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ