Էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը․ «Փաստ»
Ինչ լինի-չլինի, ընդունած այս կամ այն որոշումը, այս կամ այն քայլը արդարացնելու կամ հիմնավորելու համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանության նկատելի (կուզեք՝ կարկառուն) ներկայացուցիչները ունեն մի՝ թվում է՝ «երկաթբետոնե» փաստարկ. «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել»: Նրանք, սովորաբար, լռում են այն մասին, թե «ժողովուրդն» այդ ինչի՞ համար է տվել այդ մանդատը, ի՞նչ անելու կամ ի՞նչ նախընտրական խոստումների ու ծրագրի համար: Իսկ ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող ուժերն ու այդ պահանջը բարձրաձայնող քաղաքացիները ավելի ու ավելի բարձրաձայն են շեշտում՝ դուք մանդատ չունեք: Եկեք միասին քննենք այս հարցը: Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «բոնուս տանք» ու, ենթադրենք, որ արտահերթ ընտրություններում ո՛չ կոպիտ ու զանգվածային ընտրախախտումներ են եղել, ո՛չ ընտրակաշառք, ո՛չ ձայների հաշվարկի կեղծիքներ:
Ենթադրենք, թե «հալած յուղի» տեղ ընդունեցինք ԿԸՀ-ի հռչակած 680 հազար և ավելի ձայները՝ հօգուտ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, ու համարենք, որ այդքան մարդ իրապես չի պատկերացնում, թե Փաշինյանի կառավարման ամեն օրը ինչքան շատ փորձանք ու վտանգ է բերում: Գանք կարևորին, կներեք՝ ամենի՛ց կարևորին: Իսկ դա Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի նախընտրական խոստումների, նախընտրական ծրագրի արձանագրված ու անփոփոխելի դրույթների համախումբն է: Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ իրենց չարչրկած մանդատն ստանալու համար: Ավելի պարզ. ի՞նչ խոստումներով է ստացել այդ չարչրկված մանդատը: Հիշեցնենք, խոսքը ոչ թե 2018 թվականի, այլ արդեն 2021 թվականի մասին է: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախընտրական խոստումներում սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
… Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»: Փաստացի իրականություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հրաժարվել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելուց, քանիցս հայտարարել է, թե այդ երաշխավորությունը «պատվիրակված» է ՌԴ խաղաղապահ ուժերին: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ոչ միայն ոչինչ չի արել Արցախի ՊԲ վերակառուցման ու արդյունավետության բարձրացման համար, այլև, կարելի է ասել, էապես նվազեցրել է Արցախի ՊԲ սպառազինությունը, Արցախի պաշտպանության բանակը մեն-մենակ է թողել թշնամու հրոսակների դեմ: Ու այս ամենը՝ դեռ չափազա՜նց մեղմ ենք ասում: Էլ ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ. «Մենք Արցախի անվտանգության ապահովման կարևորագույն գործոն ենք համարում հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի երկարաժամկետ ներկայությունը: Երաշխավորելու ենք բոլոր անհրաժեշտ պայմանների գոյությունը խաղաղապահ առաքելության անխափան ու անխոչընդոտ գործունեության համար»:
Փաստացի իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հիմնականում հանդես է եկել ու հանդես է գալիս ռուսական խաղաղապահ ուժերի սուր քննադատությամբ, զուգահեռաբար որոշակի ջանքեր է գործադրել նրանց այլ ուժերով փոխարինելու ուղղությամբ, ինչը անխուսափելիորեն բերելու էր և բերել է Ռուսաստանի հետ որոշակի առճակատման ու խնդիրների»: Լավ, էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ. «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»: Փաստացի իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը լրիվ դուրս է բերել նշված ձևաչափից, մեկումեջ «շորորալով» ռուսական ու եվրոպական կամ արևմտյան միջնորդությունների միջև: