25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոչ ենք անում Բաքվին ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավարությունը զրոյացնելուն ուղղված քայլերից. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ծավալվել, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի փակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ: Այսինքն՝ Արցախում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ թվում մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները, նաև Կարմիր խաչի միջոցով: Հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացվել և 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձորի հատվածում՝ Լաչինի միջանցքի մոտ»,-նշեց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը՝ ալյուր 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոնա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա, ընդհանուր առմամբ, 360 տոննա. «Բեռի այս պարունակությունը հաստատվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում արդեն 16 օր կայանված բեռնատարերի զննմամբ:

Հետագայում հումանիտար շարասյանը միացել են ևս 2 բեռնատար՝ 9 տոնա քաղցրավենիք, մասնավորապես, 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ՝ արտադրող ընկերության կողմից և 1 բեռնատար 1 կցորդիչով՝ 25 տոնա մակարոնեղենով՝ Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի երկրամասերի վարչական ղեկավարների անուններից:

Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն ոչ մի բացատրություն չի տրվում, եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը չդիտարկենք ԼՂ-ի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում: Ավելի ճիշտ ԼՂ հումանիտար բեռների մուտքի արգելքը առավել հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղքականության մասին հայտարարությունները:

Եվ իսկապես միջազգային փորձագիտական կարծիքներ են հնչում, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դիտարկվել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատասխանատվություն կրելու մասին ՄԱԿ-ի 1988 դվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից:

Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը ծավալվել է այն աստիճանի, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու ուղղությամբ, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժն ապահովելու մասին:

Ուշադրության արժանի է այն փաստը, որ միջազգային ամենաբարձր ատյանները վերջին շրջանի իրենց հայտարարություններով ամրագրեցին, որ Արդարադտության միջազգային դատարանի որոշումներին Ադրբեջանի տված մեկնաբանությունները որևէ կապ չունեն իրականության հետ և որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը: Դուք հիշում եք, որ հուլիսի 6-ի որոշումից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե հուլիսի 6-ի որոշմամբ Արդարդատության միջազգային դատարանն արձանագրել է, որ փետրվարի 22-ի որոշումը կատարված է և դրան անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Մինչդեռ սևով սպիտակի վրա բոլորովին այլ բան էր գրված: Ես անձամբ այդ որոշումը կարդացել եմ: Բայց Ադրբեջանը շարունակում էր այդ մեկնաբանմությունները ու շատ կարևոր է, որ միջազգային գործընկերները արձանագրեցին Լաչինի միջանցքի հետ կապված իրենց վերաբերմունքը:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի ժողովուրդ, առավել ևս այս պայմաններում պիտի արձնագրեմ, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավարությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,-եզրափկեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ