03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աչքիս առաջ սպանեցին երեք երեխաներիս, մորս ու հարսիս

Հերիքնազան Գրիգորյանի պատմությունը

1916թ.Վան

Ցեղասպանությունը վերապրած Հերիքնազան Գրիգորյանը պատմում է, որ Զատկից հետո գյուղը չորս կողմից  շրջապատել են և սկսել կրակել: Բոլոր տղամարդկանց մեծ ու փոքր սպանել են: Նրան բռնել են և գյուղի մյուս կանանց հետ միասին տարել մի  տուն ու մեկ ամիս  պահել այնտեղ: Քրդերն ու թուրքերը շատ կանանց  փախցրել  տարել են, շատերինկախել: Նրա աչքի առաջ սպանել են երեք երեխաներին, մորն ու հարսին: Այնուհետև  նրանցտարել են եկեղեցի, որպեսզի բոլորին վառեն, բայց վառել եմ միայն քահանային եկեղեղու հետ միասին: Բռնելով զրկանքներով լի գաղթի ճանապարհը դեպի Վան` հասել է Վանի հայկական մասը, ուր գտել է իր ամուսնուն, գրում է armeniangenocide100.org-ը:

Վանի նահանգի Արճակ գիւղից Հերիքնազան Գրիգորեան, 35 տարու, ապրում եմ այժմ Հայոց գիւղում (Բագուի մօտ) 10 Նագորնայա փողոցում, ինձ օգնում է Գաղթ. մարմինը:

Ես ապրում էի մեր գիւղում, մեր ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց՝ ես, ամուսինս և 4 երեխայ, չորսն էլ տղայ: Զատկից յետոյ՝ Կարմիր Կիրակի օրը մեր շրջանի գայմագամը 15 ձիաւորով եկաւ մեր գիւղը փախած հայ ասկեարներ բռնելու համար: Իմ մարդուս տարել էին ամալիա, բայց այնտեղից նա փախել և եկել էր մեր գիւղը, մեր գիւղի միւդիրը, որ մի լաւ մարդ էր, վերցրել էր նորան իր մօտ զափթիա: Երբ գայմագամը եկաւ, միւդիրը մարդուս իմաց տուեց, որ մարդս փախչի, եթէ ոչ, նորան էլ կը բռնեն: Մարդս վերցրեց իր հրացանը և փախաւ միւս գիւղացիների հետ Խառակոնիս: Գայմագամը գնաց գիւղից և նորից մեծ բազմութեամբ երեկոյեան վերադարձաւ մեր գիւղը:

Ես վերցրի իմ երեխաներս և գնացի մեր հարևանի տուն: Առաւօտեան լոյսը բացւելուն պէս իմացանք, որ թիւրքերը եղել են Մանդանում (հայոց գիւղ է) և սրի են անցկացրել տղամարդոց: Երիտասարդ մարդիկ և կանայք, որոնք կարողացել են, փախել էին գիւղից և մի մասը մեզ մօտ գալով, մի մասը Խառակոնիս փախչելով մի կերպ ազատուել էին:

Երբ կէսօր եղաւ, շրջապատեցին մեր գիւղը չորս կողմից և սկսեցին կրակել: Այդպէս կրակ զարկելով չորս կողմից մտան մեր գիւղին մէջ: Գիւղին մէջ պատահած բոլոր տղամարդոց կոտորելուց յետոյ մտան մեր տները և տներում սկսեցին տղամարդ փնտրել և կոտորել: Վախենալով, թէ կը մտնեն մեր տուն և իմ երեխաներիս էլ կը կոտորեն, ես դուրս եկայ տնից, որ մի ապահով տեղ թաքնուեմ երեխաներովս: Երբ ես դուրս եկայ, իսկոյն իմ 15 տարեկան Խոսրով տղայիս բռնեց մի քիւրտ, որ սպանէ: Որքան աղաչեցի, անկարող եղայ ազատել: Ւմ ներկայութեամբ 5 գնդակ արձակեցին նորա վերայ և նա վար ընկաւ գետին, բայց դեռ մեռած չէր: Շալակեցի նորան և բերեցի հարևանի տուն: Ես կուզէի նորան տանել ինձ հետ, բայց նա չուզեց այդ և աղաչեց ինձ փախչել և ազատուել. «Ինձ հալալ արա ծծիդ կաթը, ես կը մեռնիմ, իսկ դու փախիր»: Դուռը փակեցի նորա վերայ և դուրս եկայ, որ փախչեմ: Ինձ բռնեցին, և գիւղի միւս կանանց հետ միասին, տարան Պետրոս աղայի տունը, որը մի մեծ հայեաթ ունէր: Մնացինք այնտեղ 4 շաբաթ, ամէն տեսակ բռնութիւն մեզ վրայ կը գործադրէին, տղամարդ փնտրելու պատրուակով շատ անգամ կանանց կը կախէին, քանի քանի երեխաներ սպաննեցին այդ բակում և քանի քանի կանանց փախցրին, ես չեմ կարող հաշուել:

Մենք ամբողջ օրերով նստած էինք միմեանց կպած, գլուխներս վեր չէինք բարձրացներ, որ մեզ չտեսնեն, ամէն մէկս իր հոգսի հետ էր, բացի լացից և արտասուքից մենք ոչ մի մխիթարանք չունէինք: Եղբօրս կինը, որ չէր ուզում գնալ քիւրտրի և թուրքերի հետ, խլեցին նորա երեխային գրկից և սպաննեցին մօր և մեր ներկայութամբ: Նոյնը արեցին և ինձ հետ, իմ երեխայիս էլ իմ ձեռքից խլեցին, իմ ներկայութեամբ 6 տարեկան Օգսէնիս և սպաննեցին: Մի քանի օր յետոյ էլ, նորից եկան ինձ մօտ և խլեցին միւս տղայիս՝ 3 տարեկան Վարազդատին և սպաննեցին, այսպիսով իմ երեք երեխաներիս իմ ներկայութեամբ սպաննեցին: Իմ ներկայութեամբ սպաննեցին նոյնպէս մօրս, որը չէր թողնում, որ իր հարսին՝ եղբօրս կնոջը տանեն: Սպաննեցին նոյնպէս եղբօրս կնոջ քրոջը, որը չէր ուզում գնալ քրտերի հետ: Այդ բոլոր նահատակներին ես թաղել եմ իմ ձեռքով: Չորս շաբաթից յետոյ մեզ տարան դէպի եկեղեցի, որ վառեն բոլորիս եկեղեցու մէջ, ուր սպաննել էին մեր քահանային և կապել էին եկեղեցու սիւնից, որ վառեն: Մեզ էլ նորա հետ պիտի վառէին, բայց դրանց գլխաւորը չթողեց: Այրեցին մեր ներկայութեամբ մեր եկեղեցին և քահանային մէջին: Մեր լացին, թէ մի՛ այրէք եկեղեցին՝ նոքա պատասխանում էին, թէ Գերմանը մեզի իրաւունք է տուել այդպէս անելու:

Մեզ փոխանակ այրելու ուղարկեցին Վան: Ճանապարհին ամէն տեսակ զրկանքներ և նեղութիւններ կրելուց յետոյ վերջապէս թուրքաց մասից անցանք Վանի հայոց մասը, ուր և գտայ ամուսնուս: Երբ նահանջը սկսուեց, մենք էլ փախանք: Այժմ մարդս գնացել է Երկիր վար ու ցանք անելու, մնացել եմ ես իմ միակ և փոքրիկ երեխայիս հետ:

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 437, թթ. 26 շրջ. – 28 շրջ., բնագիր, ձեռագիր:

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 1, Վանի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 77 – 79:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ