Ինչո՞վ հերոսածին մայր չէ Աննա Հակոբյանը, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել․ առավել ևս, որ գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին․ Նիկոլ Փաշինյան
Ճի՞շտ էր արդյոք հերոսածին մայր Գայանե Հակոբյանին կալանավորելը, ինչն առաջացրեց հանրության ընդվզումը, ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցին լրագրողները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Ի պատասխան՝ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞վ հերոսածին մայր չէ իր կինը՝ Աննա Հակոբյանը․ նրանով, որ պատերազմում Աշոտ Փաշինյանը չի զոհվե՞լ։
Ապա Նիկոլ Փաշինյանը դրվագ պատմեց 44-օրյայից, որին իր որդի Աշոտ Փաշինյանը, ինչպես նա նշեց, մասնակցել է որպես կամավոր։
«Մարտական հերթապահության ժամանակ Աշոտ Փաշինյանը հրետակոծության կամ հրթիռակոծության տակ է ընկել իր ջոկի հետ։ Եվ այդ հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ իր ծառայակից ընկերը, որի հետ նրանք պատսպարված, մարմնով իրար կիպ կպած են եղել, զոհվել է։ Ես կարծում եմ, որ պարզ է բոլորիս, որ ոչ ոք որոշում չի կայացրել, որ Աշոտ Փաշինյանը պետք է չզոհվի, ոչ ոք։ Ես ուզում եմ մի հարց տալ՝ եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, նա կլիներ հերոս, իսկ եթե չի սպանել այդ բեկորը և միլիմետրերով անցել է իր կողքով, նա դառնում է հակահերո՞ս։
Եթե այդ բեկորը սպաներ Աշոտ Փաշինյանին, Աննա Հակոբյանը կլիներ հերոսածին մայր, իսկ հիմա, որ միլիմետրերով անցել է, Աննա Հակոբյանն էլ հերոսածին մա՞յր չէ։ Ինչո՞վ հերոսածին մայր չէ, որևէ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել։ Առավել ևս այն պայմաններով, որ այդ նույն ժամանակ Աննա Հակոբյանը գտնվում էր առաջնագծում՝ զենքը ձեռքին»,- ասաց Փաշինյանը։